Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 2020 թվականի 2-րդ մրցութաշրջանի բացումը, որը միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործադրման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի ձևավորման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:
Մրցույթի անվանակարգերը
Մրցույթն անցկացվում է 8 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:
- Տեսարվեստի ոլորտի նախագծեր և միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)
- Երաժշտարվեստի ոլորտի նախագծեր և միջոցառումներ
- ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանացային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման նախագծեր և միջոցառումներ
- Թատերարվեստի ոլորտի նախագծեր և միջոցառումներ
- Մշակութային կրթության նախագծեր և միջոցառումներ
- Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր և միջոցառումներ
- Թանգարանային և գրադարանային ոլորտների նախագծեր և միջոցառումներ (այդ թվում՝ կրթական)
- Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի):
Մրցույթի մասնակցության կարգը և պայմանները
- Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացմանը, մշակութային ժառանգության, արևմտահայերենի պահպանության և հանրայնացման, Հայաստան – Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական և հեռանկարային նախագծեր:
- Հայտերը ներկայացվում են նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգի* համապատասխան:
*Ծանուցում. Դրամաշնորհային մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված է կարգում:
- Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, մշակույթի ապակենտրոնացումը և երկարատև արդյունավետությունը ապահովող ծրագրերին։
Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝
- Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1),
- Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2),
- Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
- Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
- Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին,
- Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:
Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:
Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։
Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (նյութերի ծավալը չպետք է գերազանցեն 20 MB)՝ և ընդունվում է մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերի լրացված հայտերը մերժվում են:
Մրցույթի իրականացման ժամանակացույցը
Մրցույթի մեկնարկ 20.03.2020
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 05.05.2020
Մրցույթի առաջին և երկրորդ փուլերի կազմակերպման ժամանակացույցի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացմամբ պայմանավորված:
Ծրագրի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։