• Կրթություն

  • Ո՞ր տարիքից երեխաները կարող են ընդունվել 1-ին դասարան:

    Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է:

  • Ինչու՞ է գործարկվել առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը։

    Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն 2019թ. փորձարկվել է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար:

  • Եթե երեխայի ավագ եղբայրը կամ քույրը հաճախում են տվյալ դպրոց, ապա նրան որևէ արտոնություն տրվու՞մ է։

    «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` ցանկացած ծնող իրավունք ունի երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը: Հետևաբար, որևէ չափանիշ, ներառյալ բնակավայրին կամ աշխատանքի վայրին մոտ գտնվելու կամ տվյալ դպրոց հաճախող քույր կամ եղբայր ունենալու փաստը, չի կարող որևէ երեխայի գրանցման համար առաջնահերթություն ապահովել։ Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան սովորի հենց Ձեր նախընտրած դպրոցում, ապա հարկավոր է հնարավորինս շուտ գրանցվել առցանց համակարգի միջոցով, քանի դեռ տվյալ դպրոցի համար սահմանված տեղերը չեն սպառվել:

  • Արդյոք կարո՞ղ են դպրոցները միջամտել ընդունելության գործընթացին։

    Դպրոցների կողմից ընդունելության գործընթացին միջամտելու փորձերը բացառելու նպատակով համակարգում ներդրվել է նաև պաշտպանական մեխանիզմ: Մասնավորապես, Երևանի հիմնական դպրոցների համակարգիչներից մուտքը դեպի հայտագրման համակարգ արգելափակվելու է:

  • Ինչպե՞ս առցանց գրանցվել, եթե գտնվում եմ արտերկրում:

    Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրվում է հաշվառվելու դեպքում` անձնագրային բաժինների կողմից:

  • Ի՞նչ անել, եթե ցանկանում եմ, որ երեխաս սովորի ռուսերենով ուսուցմամբ դասարանում։

    Համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, և եթե ծնողը, օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ է, կամ ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի, ապա կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի: Երևանի քաղաքապետարանի ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների ցանկին կարող եք ծանոթանալ ԿԳՄՍ կայքում:

  • Ո՞ր դեպքերում կարելի է ուսումնական հաստատությունից սովորողին ազատել և (կամ) տեղափոխել:

    Հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝ 1) ծնողի դիմումի հիման վրա. 2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

  • Ինչպե՞ս կարելի է մասնակցել էքստեռն ավարտական քննություններին՝ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար:

    ՀՀ կրթության և գիտության նախարարի` 14.10.2010թ. N 1507-Ն հրամանով հաստատված` «Դրսեկության ձևով (Էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգի, միջնակարգ կրթության ատեստատ կարելի է ստանալ` մասնակցելով էքստեռն պետական ավարտական քննություններին: Ըստ վերոնշյալ կարգի` էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող է ստանալ հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի (տարիների հաշվարկը կատարվում է ուսումնական պարապմունքների ավարտման օրվանից): Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` 3 քննաշրջաններով` ամբողջ տարվա ընթացքում` ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ, փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ և կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` մայիս-հունիս ամիսներին:

  • Ո՞վ կարող է աշխատել` որպես ուսումնական հաստատության ուսուցիչ:

    Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»։ Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը»:

  • Ի՞նչ է մանկավարժական մասնակի կենսաթոշակը և ու՞մ է այն տրվում:

    Համաձայն կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնա­գի­տական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտու­թյուններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանա­կա­հատվածները: Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնա­գիտա­կան աշխա­տանքային ստաժին համամասնորեն: Համատեղությամբ աշխատած ժամանա­կա­հատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

  • Ի՞նչքան գումար է վճարվում լրացուցիչ ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրեր գործուղված ուսուցիչներին:

    1) գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ, 2) ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ, 3) բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ, 4) կեցության այլ ծախսեր` ամսական 5000 դրամ:

  • Ի՞նչ փաստաթուղթ է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք՝ մտավոր հետամնացություն ունեցող սովորողը հանրակրթական ուսումնական հաստատությունը ավարտելիս:

    Նրան տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)՝ առանց քննական գնահատականների:

  • Քոլեջի ո՞ր շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում և կրթության ինչ ձևով:

    Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների բարձրագույն ուսումնական հաստա­տու­թյուններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ: Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետևյալ կերպ` մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։ Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը: Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ` մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:

  • Ովքե՞ր կարող են ընդունվել նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:

    ՆՄՄԿ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա (ստացիոնար) ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` համաձայն իրենց դիմումի: Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Օտարերկրացիները` իրենց ընտրությամբ, ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները Հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ: Արգելվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Անվճար ուսուցման տեղերում, մրցութային հիմունքով ընդունվում և ուսումնառում է. 1) մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը` մինչև ուսումնառության ավարտը. 2) 19 և ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը` մինչև 19 տարին լրանալն ընդունված ուսանողների մրցույթից հետո` թափուր տեղի առկայության դեպքում. 3) միջնակարգ կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը. 4) միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություն ունեցող ուսանողը:

  • Ո՞վքեր կարող են օգտվել ուսման վարձի զեղչից նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:

    Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանո­ղական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը` 1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին. 2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին. 3) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին. 4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին. 5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին. 6) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին. 7) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին. 8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:

  • Ե՞րբ և ի՞նչ ժամկետում է կատարվում ուսանողի փոխատեղումը:

    Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ, բացառությամբ` մինչև 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար և վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստա­տության տնօրենը տալիս է հայտարարություն` ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաև ինտերնետային կայքում (առկայության դեպքում) վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին: Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչև կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակն սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաև սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում): Հաջորդ ուսումնական տարին սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները և համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում` միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ: Խորհրդի կողմից հաստատվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից հրապարակվում և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին երեք աշխատանքային օրվա ընթացքում:

  • Քանի՞ դասաժամի բացակայության դեպքում է քոլեջի կամ ուսումնարանի ուսանողը հեռացվում:

    Ժամաքանակը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով:

  • Ո՞ր ուսանողներին է կրթաթոշակ տրվում:

    Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքա­գիծ դրսևորելու համար, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակա­վայրերի ուսանողներին: Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում` 1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին. 2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսա­գրերում և զանգվածային լրատվության միջոցներում). 3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին. 4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատու­թյունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդուն­ված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

  • Ո՞վքեր կարող են բուհերում օգտվել ուսման վարձի զեղչից:

    Ուսման վարձի զեղչից կարող են օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի և մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողները (բացառությամբ 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողների)՝ 1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս. 2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս. 3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս. 4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս. 5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս. 6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս. 7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս. 8) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս. 9) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը:

  • Ո՞ր դեպքում կարող է 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն օգտվել ուսման վարձի զեղչից:

    Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:​

  • Որո՞նք են բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամկետները:

    Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը 18։00-ն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:

    Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը` լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ). 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի). անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ. զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին. արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները. ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

  • Ո՞ր դիմորդները կարող են օգտվել արտոնություններից:

    1) Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին (համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների) մրցույթից դուրս ընդունվում են՝ ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` 2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում` ա. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները. բ. առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները: 3) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում` ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին բ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն՝ բուհ են ընդունվում մրցույթից դուրս: 4) Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:

  • Բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության դիմում-հայտում անվճար և վճարովի քանի՞ մասնագիտություն­ներ կարող են նշել:

    Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։

  • Մրցութային հավասար միավորների դեպքում ո՞ր դիմորդներին է տրվում առավելություն:

    Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթակա¬նության, առավելություն է տրվում`
    1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.
    2) արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին.
    3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.
    4)Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հա¬յաս¬տանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տար¬վա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին.
    5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահա¬տական գնահա¬տական ունեցող դիմորդներին.
    6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

  • Ի՞նչ պարտավորություն ունի նպատակային ուսուցմամբ /պայմանագրային հիմունքներով գործուղված/ ուսանողը:

    Նպատակային ուսուցմամբ ուսանող համարվող Հայաստանի Հանրապե¬տու¬թյան քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրա¬գույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցու¬թային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձ¬նացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատ¬ված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմա¬նագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտե¬լուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառա¬վա¬րության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազ¬մա¬կեր¬պության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջա¬նա¬վար¬տը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամ¬կետ¬ներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաս¬տանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

  • Ո՞ր դեպքում է թույլատրվում ուսանողի տեղափոխությունը:

    Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է:

  • Ի՞նչ ժամկետներում են ընդունվում տեղափոխության մասին դիմումները:

    Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

  • Տեղափոխման դեպքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողը տարկետումը պահպանո՞ւմ է:

    Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողների տեղափոխության դեպքում տրամադրված տարկետման իրավունքի փոփոխություն չի կատարվում:

  • Ո՞ր դեպքերում չի թույլատրվում ուսանողի տեղափոխություն:

    Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության:

  • Ինչպե՞ս է իրականացվում բուհից բուհ տեղափոխությունը:

    Ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաև սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքը ստանալուց հետո (մինչև այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):

  • Ինչպե՞ս է իրականացվում ներբուհական տեղափոխությունը:

    Ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:

  • Ինչպե՞ս է իրականացվում օտարերկրյա բուհերից տեղափոխությունը:

    Օտարերկրյա պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված և առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետություն վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:

  • Ո՞ր դեպքերում է արգելվում ուսանողին հեռացնել բուհից:

    Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

  • Ե՞րբ է ուսանողը հեռացվում բուհից:

    Ուսանողը Բուհից հեռացվում է.
    1. ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում,
    2. բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
    3. բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:
    Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն Բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:

  • Ե՞րբ է ընդհատվում ուսանողի ուսումնառությունը:

    Ուսանողի ուսումնառությունն ընդհատվում է.
    1. ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքում,
    2. առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում,
    3. հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում:

  • Ինչպե՞ս է իրականացվում ակադեմիական պարտքերի վերահանձնումը:

    Ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված ուսանողների, իրավունք է վերապահվում մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, վերահանձնելով առարկաները ևս 2 անգամ կամ կրկնելով դրանք:

  • Ե՞րբ է շրջանավարտին շնորհվում գերազանցության դիպլոմ:

    Գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 %-ը:

  • Ո՞վքեր կարող են մասնակցել «Պատիվ ունեմ» ծրագրին

    «Պատիվ ունեմ» ծրագրին կարող են մասնակցել օրենքով սահմանված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիները:

  • Դիմորդները ե՞րբ և որտեղ պետք է ներկայացնեն փաստաթղթերը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

    Դիմորդը զորակոչի նախապատրաստական փուլի ժամանակ, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը իր զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ է ներկայացնում դիմում, որին կից ներկայացվում է քաղաքացու անձը և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսանալու) հանգամանքը հաստատող փաստաթղթերի պատճենները, գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան հաշվի համարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագիրը:

  • Ե՞րբ է լուծվում ՀՀ ՊՆ և քաղաքացու միջև կնքված պայմանագիրը

    ՀՀ ՊՆ և քաղաքացու միջև կնքված պայմանագիրը լուծվում է՝ Քաղաքացու կողմից իր հետ կնքած պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դիմում ներկայացնելիս, Բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելիս և (կամ) հեռացվելիս, Առկա ուսուցման համակարգից հեռակա ուսուցման համակարգ տեղափոխվելիս:

  • Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ ՊՆ և քաղաքացու միջև կնքված պայմանագրի լուծումը

    Քաղաքացու կողմից պայմանագրից հրաժարվելու կամ բարձրագույն ուսումնական հաստատությունից կամ զինվորական պատրաստությունից անկախ պատճառներից ազատվելու և (կամ) հեռացվելու դեպքում քաղաքացին կորցնում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում քաղաքացիները, պայմանագրում նախատեսված ժամկետում, բարձրագույն ուսումնական հաստատությանը միանվագ վճարում են այդ հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը, որի հաշվարկը քաղաքացուն ներկայացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կողմից հրաժարագինը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:

  • Ինչպե՞ս է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը:

    Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝ 1) բակալ­ավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին). 2) օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ). 3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում. 4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի). 5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

  • Ո՞ր երկրներում է ճանաչվում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված ավարտական փաստաթուղթը:

    ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված ավարտական փաստաթուղթը ճանաչվում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի անդամ 47 երկրների (համաձայն Լիսաբոնի որակավորումների փոխճանաչման կոնվենցիայի), Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներ (համաձայն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի), Չինաստանի, Լիբանանի և Պարսկաստանի (համաձայն միջպետական համաձայնագրերի) կողմից:

  • Որտե՞ղ կարելի է վերապատրաստվել ասպիրանտուրայի ընդունելության համար սահմանված օտար լեզուների և համակարգչային գիտելիքների ստուգման քննությունների համար:

    Բրիտանական խորհուրդ (British Council),
    Հայաստանի ամերիկյան համալսարան,
    Երևանի պետական համալսարան,
    Գյոթեի անվան ինստիտուտի գործընկերը Հայաստանում (Geothe Institute partner in Armenia),
    Ալիանս Ֆրանսեզ (Alliance française),
    Գիտությունների ազգային ակադեմիա,
    Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

  • Ովքե՞ր կարող են հավակնել գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի:

    Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից:

  • Ովքե՞ր կարող են հավակնել գիտությունների դոկտորի գիտական աստիճանի:

    Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ և թեկնածուի գիտական աստիճան:

  • Ո՞վ է շնորհում գիտական աստիճան:

    Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն:

  • Ի՞նչ ժամկետում է Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատում գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:

    ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատում է խորհրդի որոշումը թեկնածուական ատենախոսության համար` այն Կոմիտե մուտքագրվելու օրվանից երեք, իսկ դոկտորական ատենախոսության համար` հինգ ամսվա ընթացքում և հանձնում է գիտական աստիճանի վկայագիր:

  • Ի՞նչ ժամանակաընթացքում է Բարձրագույն որակավորման կոմիտեն քննարկում գիտական կոչում շնորհելու հարցը:

    Բարձրագույն որակավորման կոմիտեն գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:

  • Ի՞նչ է պահանջվում օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցման համար, եթե տվյալ անձը ՀՀ-ում չէ։

    Գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը՝ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումի հիման վրա՝ լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ: Եթե տվյալը անձը Հայաստանի Հանարպետությունում չէ, ապա համապատասխանեցման գործընթացը իրականացնում է նրա կողմից լիազորված անձը՝ լիազորագրի և գիտական աստիճանի վկայագրի բնօրինակի առկայության դեպքում։ Համապատասխանեցման ենթակա վկայագրի ՀՀ-ում թարգմանության և նոտարական վավերացման համար անհրաժեշտ է կոչումը շնորհած երկրի համապատասխան պետական մարմնի ապոստիլի առկայությունը։

  • Ինչպե՞ս է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության կողմից կարգավորվում մասնագիտական դպրոց-ստուդիաների, ակումբների, կենտրոնների կրթական գործունեությունը: Այն լիցենզավորման ենթակա գործունեությո՞ւն է, թե՞ոչ:

    Լիցենզավորման ենթակա են այն կրթական ծրագրերը, որոնք նշված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի «9.Կրթություն բնագավառ» բաժնում: Կրթական ծրագրերն են` հանրակրթական ծրագրեր՝ նախադպրոցական, տարրական, հիմնակական, միջնակարգ, մասնագիտական կրթական ծրագրեր` նախնական (արհեստագործական/, միջին, բակալավրի, մագիստրոսի: Միաժամանակ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալը: Մասնավորապես, մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ու որակավորման բարձրացմանը: Վերոգրյալ հաստատությունները հանդիսանում են լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող միավորներ, որոնց գործունեությունը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս սովորողների կրթական պահանջմունքների բավարարմանը, նրանց որակավորման բարձրացմանը, ուստի այն չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

  • Ո՞ր դեպքում է ուսումնական հաստատության կողմից տրված դիպլոմը համարվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ:

    Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հատատության կողմից տրված ավարտական փաստաթուղթն է:

  • Ո՞ր պահանջների բավարարման դեպքում է տրվում կրթական գործունեության լիցենզիա:

    ՀՀ կառավարության 2009թ.հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով իրավաբանական անձը ՀՀ ԿԳՄՍ նախարարության լիցենզավորման գործակալություն է ներկայացնում` հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ, լաբորատոր բազա և ուսումնական տարածք, ուսումնամեթոդական ապահովում, գրադարանային-տեղեկատվական համակարգեր, ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:

  • Լիցենզավորման համար նախատեսված փաստաթղթերը կարելի՞ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության /www.edu.am/ էլեկտրոնային կայքէջում www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պատուհանով լիցենզավորման համար նախատեսված փաստաթղթերը կարելի ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ ըստ կայքի ցուցումների:

  • Քանի՞ օրվա ընթացքում է տրվում կրթական ծրագրերով գործունեության լիցենզիան:

    Կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու թույլտվությունը՝ լիցենզիան, բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա է, որը տրվում է հայտատուի կողմից` փաստաթղթերը ներկայացնելուց 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նշված չէ:

  • Ինչպիսի՞ պարգևներ է շնորհում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհում է`
    1. հուշամեդալ,
    2. պատվոգիր,
    3. շնորհակալագիր,
    4. գերազանց առաջադիմության մեդալ,
    5. գովասանագիր

  • Ու՞մ է շնորհվում վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:

    Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում`
    1. ուսուցիչներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
    2. դաստիարակներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
    3. դասախոսներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
    4. կրթության ոլորտի աշխատակիցներին՝ առնվազն 15 տարվա ստաժ ունենալու դեպքում:

  • Ինչպես է վերականգնվում հանրակրթական ուսումնական հաստատությունից ստացված միջնակարգ կրթության կորցված ատեստատը և հիմնական կրթության կորցված վկայականը:

    Քաղաքացին պետք է դիմի տվյալ ուսումնական հաստատության տնօրինությանը՝ ներկայացնելով ավարտական փաստաթղթի կորստյան մասին դիմում և անձնագրի պատճեն:
    Որից հետո ուսումնական հաստատության տնօրինությունը գործող ընթացակարգին համապատասխան սկսում և ավարտին է հասցնում վկայականի վերականգման և կրկնօրինակը քաղաքացուն տրամադրելու գործընթացը:

  • Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ` կորցրած դիպլոմի կրկնօրինակը վերականգնելու համար:

    Դիպլոմի կրկնօրինակը վերականգնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
    1. հայտարարություն թերթում՝ դիպլոմի կորստյան վերաբերյալ,
    2. ՀՀ ոստիկանությունից տեղեկանք՝ դիպլոմի կորստյան վերաբերյալ,
    3. միջնորդագիր՝ ուսումնական հաստատության տնօրենի կողմից,
    4. արխիվային տեղեկանք

  • Միջնակարգ կրթության ատեստատները և հիմնական կրթության վկայականները ուսումնական հաստատություններին տրամադրվում է վճարո՞վի, թե՞ անվճար:

    ՀՀ ԿԳ նախարարի 2010թ. հունիսի 22-ի 609-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն՝ վճարովի հիմունքներով ավարտական փաստաթղթերը տրվում են միայն ոչ պետական ուսումնական հաստատություններին:

  • Ո՞ր օտարերկրյա պետություններն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացնում կրթաթոշակներ` տվյալ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով:

    Ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է կրթաթոշակային ծրագրեր` Ռուսաստանի դաշնության, Բուլղարիայի Հանրապետության, Ռումինիայի, Լեհաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար:

  • Ի՞նչ կարգով են իրականացվում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի համար մրցույթները:

    ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կրթաթոշակային ծրագրերն իրականացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի 31.10.2011թ. N 1205 հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով)» կարգի համաձայն:

  • Ի՞նչպես կարող են սփյուռքահայ դիմորդներն ընդունվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ:

    Սփյուռքահայ դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդhանուր հիմունքներով և համաձայն ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի

  • Ի՞նչպես կարող են սփյուռքահայ դիմորդները սովորել անվճար հիմունքներով:

    Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության կողմից սփյուռքահայերի համար տրամադրվում են 70 անվճար տեղեր` ՀՀ բուհերի բակալավրիատում ուսանելու նպատակով:

  • Ո՞ր մասնագիտությամբ սփյուռքահայ դիմորդները կարող են սովորել անվճար համակարգում։

    Անվճար տեղերը տրամադրվում են մանկավարժական, հայագիտական և արվեստի մասնագիտություններով դիմող դիմորդներին:

  • Ի՞նչպես են բաշխվում անվճար տեղերը:

    Անվճար տեղերի բաշխմանը մասնակցելու համար դիմորդը պետք է նախատեսված կարգով հուլիսի 1-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնի իր փաստաթղթերը և մասնակցի գիտելիքների ստուգմանը: Հայոց լեզվին և մասնագիտական առարկաներին տիրապետելու պարագայում, բուհի քննական եզրակացության հիման վրա, դիմորդի գործը դրվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվող հանձնաժողովի նիստի քննարկմանը: Քննարկման արդյունքում անվճար ուսուցման իրավունք ստացած դիմորդները ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ուղեգիր-նամակով դիմում են բուհ` հետագա ձևակերպումները կատարելու համար:

  • Եթե սփյուռքահայ դիմորդը հանդիսանում է երկքաղաքացի և ավարտել է դպրոցը Հայաստանում, կարո՞ղ է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կարգով:

    Սփյուռքահայ դիմորդը, ով հանդիսանում է երկքաղաքացի և ավարտել է դպրոցը Հայաստանում, կարող է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կարգով:

  • Որտե՞ղ է իրականացվում բժիշկների, պրովիզորների և միջին բուժաշխատողների հետդիպլոմային մասնագիտական ուսուցումը:

    Հայաստանի Հանրապետությունում բժիշկների, պրովիզորների և միջին բուժաշխատողների հետդիպլոմային մասնագիտական ուսուցումն իրականացվում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ նախապես հաստատված ուսումնական պլանի հիման վրա:

  • Պարտադի՞ր է բժիշկների, պրովիզորների և միջին բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստումը:

    Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն բժշկական և (կամ) դեղագործական գործունեության իրավունք ստացած բժիշկ և պրովիզոր մասնագետները պարտավոր են համապատասխան մասնագիտական որակավորում ստանալուց կամ վերջին մասնագիտական կատարելագործում ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 տարվա ընթացքում անցնել տվյալ մասնագիտության գծով կատարելագործում: (ՀՀ կառավարության 1994թ. հուլիսի 19-ի N 330 որոշում)

  • Ովքե՞ր կարող են մասնակցել բժիշկների, պրովիզորների և միջին բուժաշխատողների պարտադիր մասնագիտական կատարելագործմանը՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

    ՀՀ պետական բյուջեի միջոցներով պետական պատվերի շրջանակում կատարելագործման դասընթացներին առաջնահերթության կարգով ընդգրկվում են ՀՀ-ում գործող պետական բժշկական հաստատություններում աշխատող այն մասնագետները, ովքեր / համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանի` այսքանը հանվում է/ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են: ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ հաշմանդամ դարձած կամ նրանց հավասարեցված անձանց ընտանիքի անդամներ են: Հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: Աշխատում են բարձրլեռնային սահմանամերձ համայնքներում: 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի անդամ են: Ուսուցման վճարովի համակարգում 2 և ավելի ուսանող ունեցող ընտանիքի անդամ են:

  • Ի՞նչ է հարատև կրթությունը:

    Հարատև կրթությունը անձի՝ ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերած ուսուցման գործընթացն է՝ ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության միջոցով, որի արդյունքում անհատը ձևավորում կամ կատարելագործում է իր գիտելիքները, կարողությունները և հմտությունները, ինչպես նաև արժեհամակարգը:

  • Ի՞նչ է ոչ ֆորմալ կրթությունը:

    Ոչ ֆորմալ կրթությունը (ուսուցումը) լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն է, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսուցման արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

  • Ի՞նչ է ինֆորմալ կրթությունը:

    Ինֆորմալ կրթությունը անձի՝ առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսուցումն է, որի արդյունքները, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

  • Որո՞նք են այն իրավական փաստաթղթերը, որոնց հիման վրա իրականացվում է օտարերկրյա որակավորումների /դիպլոմների, սերտիֆիկատների, վկայականների/ ճանաչումը ՀՀ-ում:

    ՀՀ-ում օտարերկրյա կրթական փաստաթղթերի ճանաչման գործընթացն իրականացվում է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի, առանձին երկրների հետ գոյություն ունեցող միջպետական և փոխճանաչման համաձայնագրերի և ազգային կրթական օրենսդրության համաձայն:

  • Որո՞նք են ՀՀ-ում օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացնող մարմինները:

    Օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացվում է տարբեր մարմինների կողմից` ակադեմիական կամ մասնագիտական գործունեություն ծավալելու համար` Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ), բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են տվյալ ոլորտի համար:

  • Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որակավորումների ճանաչման համար:

    Կրթական փաստաթղթի գնահատման համար անհրաժեշտ է ներկայացնել`
    անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
    կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն),
    կրթությունը հաստատող փաստաթղթի ներդիր, հավելված կամ այլ նմանատիպ փաստաթուղթ, որում նշված են կրթական ծրագրի մանրամասները` ուսումնական վերջնարդյունքներ, կրեդիտներ, գնահատականներ,
    ավարտական պահանջներ և այլն (բնօրինակ և/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն),
    այլ տիպի ապացույցներ, այդ թվում` նախորդ կրթությունը հավաստող փաստաթղթեր, մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն, աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթեր,
    վճարման անդորրագիր:

  • Ինչպիսի՞ տեղեկանքներ է տրամադրում Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը:

    ԱՓՇԱՏԿ-ը տրամադրում է որակավորումների ճանաչման, խորհրդատվական և այլ տիպի տեղեկանքներ: Ճանաչման և խորհրդատվական տեղեկանքներն ունեն միասնական ձևաչափ, որի մեջ ներառվում է բուհի հավատագրման, կրթական ծրագրի որակի, տևողության և կրթության ձևի, կրեդիտների քանակի, որակավորման մակարդակի և դրա ակադեմիական և մասնագիտական իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն: Այլ տիպի տեղեկանքները մեծամասամբ վերաբերվում են գնահատման և կրեդիտային համակարգերին, կրթական ծրագրերին, որակավորումների ազգային շրջանակներին և այլն:

  • Մշակույթ

  • Ովքե՞ր և ե՞րբ կարող են անվճար այցելել թանգարաններ:

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայութամբ գործող թանգարանների մշտական ցուցադրությունների անվճար այցելության արտոնություններ են սահմանված թանգարանային աշխատողների, պետական պաշտոնական պատվիրա­կու­թյուն­ների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների, ժամկետային զինծառայողների, ՀՀ ստեղծագործական միությունների անդամների, լրագրողների (տեղեկույթ ստանալու կամ լուսաբանելու նպատակով), նախադպրոցական տարիքի երեխաների համար` աշխատանքային բոլոր օրերին, (այցելուի կամ խմբի ղեկավարի կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը և թանգարանի կողմից դրանց պահպանությունը պարտադիր է), իսկ մյուս բոլոր այցելուների համար թանգարաններ այցելությունն անվճար է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը:

  • Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ի՞նչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:

    Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում, գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման և փորձաքննության ենթակա իրի կամ իրերի և դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը՝ բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։ Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաև իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան:

  • Ի՞նչ կարգով են արտահանվում մշակութային արժեքներն ու մշակութային նշանակության առարկաները Հայաստանի Հանրապետությունից:

    Համաձայն ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի ՀՀ տարածքից յուրաքանչյուր ոք կարող է արտահանել կամ ժամանակավոր արտահանել իր սեփականությունը համարվող մշակութային արժեքները՝ արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրով, որի համար գանձվում է պետական տուրք /հաստատագրված 5000 դրամ՝ անկախ արժեքների քանակից/: Պետա­կան սեփականություն համարվող մշակութային ար­ժեք­­ները ՀՀ օրենս­դրության համա­ձայն թույլատրվում է ար­տա­հանել միայն ժամանակավորապես` ցու­ցահան­դես­ներ կազ­մակերպելու, վերականգնման աշխա­տանք­ներ և գիտական հե­տա­­զոտու­թյուն­ներ կատարելու, թատերական և համեր­գային գործունեություն իրականացնելու նպատա­կով: ՀՀ-ից 50 տարուց ավելի վաղեմության մշակութային արժեքներ ար­տա­հանելու համար անհրա­ժեշտ է նախ դրանք ներ­կա­յացնել «Մշա­կու­թային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ` մշակութաբանական և արվեստաբանական փոր­ձա­քննու­թյան, որից հետո արտահանողի անձնագրի պատճենի, այդ փորձա­գի­տա­կան եզրակացությունների և վերջիններիս կից 3 օրինակ լուսանկարների հիման վրա մշա­կու­թա­յին արժեքների պահպա­նության գործակա­լությունում կկատարվեն արտահանման ձևակեր­պում­ներ: Մինչև 50 տարվա վաղեմության առարկաների /բացառությամբ ՀՀ կառա­վա­րու­թյան 2005 թ. օգոստոսի 25-ի թիվ 1348-Ա որոշմամբ հաստատված վերջին 50 տա­րում մահացած հեղինակների/, արտահանումն իրականացվում է պար­զեցված կարգով. եթե այդ առարկաները թվագիր են և առկա է հեղինակի ստորագրությունը, ապա կարելի է արտահանել առանց գործա­կա­լության թույլտվության՝ անմիջապես մաքսակետերից: Սակայն քաղաքացու ցանկու­թյամբ, գործակալությունը կարող է կատա­րել արտահանման թույլտվության ձևակերպում, եթե ներկա­յաց­վում է արտահանվող առարկան և դրա 3 օրինակ գունավոր, 10*15 չափսի լուսանկարը: Մշակութային նշանակության առարկաների թույլտվությունը տրվում է վավերացված լուսանկարի միջոցով և այդ ծառայությունն անվճար է: Մինչև 50 տարի վաղեմության առարկաները, եթե ար­տա­հանվում են փոս­տային առաքմամբ կամ ցամաքային տարանցիկ ճանապարհով, ապա գործակալության կողմից տրված թույլտվությունը պարտադիր է: Իսկ Եվրասիա­կան տնտե­սա­կան միո­ւ­թյան /ԵՏՄ/ անդամ երկրներ մշակութային արժեք­ների և մշա­կու­թա­յին նշանակու­թյան առարակաների արտահանումը կարելի է անկախ վերջիններիս տա­րիքից, առանց որևէ սահմանափակման և թույլատրող փաստաթղթի: ՀՀ-ից մշակութային արժեքներ կամ մշակութային նշանակության առար­կաներ ԵՏՄ անդամ երկրների տարածքով 3-րդ երկիր արտահանելիս համապատասխան ձևակերպումները պարտադիր են:

  • Ի՞նչ կարգով է իրականացվում մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը:

    Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է ՀՀ կառա­վարության 2007 թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն: Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձևակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

  • Սպորտ

  • Ո՞ր մարզաձևերն են նախարարության կողմից ավելի շատ ուշադրության արժանանում:

    Անխտիր բոլոր մարզաձևերն էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում են, այդ թվում՝ ոչ օլիմպիական մարզաձևերը։ Որևէ մարզաձևի համար բացառություն չի արվում: Ֆեդերացիաները, լինելով ինքնուրույն հասարակական կազմակերպություններ, առաջնորդվում են իրենց կանոնադրությամբ, սակայն սերտորեն համագործակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:

  • Ինչպե՞ս է կատարվում ֆեդերացիաների ֆինանսավորումը:

    Պետական բյուջեից գումար է հատկացվում 34 մարզական ֆեդերացիաների, որոնց թվում են օլիմպիական համարվող մարզաձևերը, օլիմպիական ժամանակավոր ճանաչում ստացած սամբո մարզաձևը և շախմատը: Այդ հատկացումները աջակցություն են պետության կողմից՝ առաջնություններ կազմակերպելու, ուսումնամարզական հավաքների ու միջազգային մրցաշարերի մասնակցելու համար: Ֆեդերացիայի լիարժեք ֆինանսավորումը պետք է ապահովի ֆեդերացիայի նախագահությունը՝ նախագահի ղեկավարությամբ:

  • Ինչքանո՞վ է նախարարությունը գործունեություն ծավալում մարզերում:

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ակտիվ աշխատանք է ծավալում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ սերտորեն համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

  • Բանակում ծառայության մեջ գտնվող մեր մարզիկները ինչպե՞ս կարող են մասնակցել միջազգային մրցաշարերի:

    ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն:
    ՀՀ կառավարության որոշումը սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանները սահմանելու մասին (ակտիվ հղում):
    Բացի այդ, 2019 թվականից վերաբացվեց ԲԿՄԱ-ն, որտեղ էլ իրենց ծառայությունն անցնում են տարկետման չափանիշներին չհամապատասխանած, սակայն բարձր մարզական արդյունքներ ցուցաբերած մարզիկները։

  • Ինչպե՞ս կարող ենք տեղեկանալ Հայաստանի Հանրապետությունում գործող մարզադպրոցների մասին:

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի «Սպորտ» բաժնի «Մարզադպրոցներ» ենթաբաժնում տեղադրված են հանրապետության ամբողջ տարածքում գործող օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերն ընդգրկող մարզադպրոցների տվյալները:

  • Ի՞նչ խնդիր է իրականացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում:

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խնդիրը երիտասարդական պետական քաղաքականության համակարգումն ու իրականացումն է: Ըստ այդմ՝ վերջին մի քանի տարիներին որպես սկզբունք որդեգրվել է փաստարկված քաղաքականության վարումը, հետազոտական աշխատանքների, ուսումնասիրությունների միջոցով իրական կարիքի վերհանումը և դրանց համապատասխան լուծումների առաջարկումը:

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ինչպե՞ս են տրամադրվում ուղևորության դրամաշնորհները:

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 16-30 տարեկան երիտասարդներին միջազգային միջոցառումներին մասնակցելու համար երիտասարդներին ավիատոմսի ծախսի փոխհատուցում է տրամադրում: Ուղևորության ծախսի փոխհատուցում ստանալու համար միջոցառման մասնակիցները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն դիմում պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 05-ի № 614-Ա/2 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան (ակտիվ հղումը՝ http://edu.am/index.php/am/documents/view/2392 կամ սա http://dev2.ktak.am/am/news/4961)

  • Ո՞րն է «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի նպատակը:

    2013 թվականից իրականացվող «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի նպատակն է՝
    1) խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը,
    2) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում,
    3) խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել,
    4) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:
    Երիտասարդական մայրաքաղաքում են հիմնականում իրականացվում տվյալ տարվա երիտասարդական պետական քաղաքականության առանցքային ծրագրերը: Այս ծրագրի կայացումը, ըստ էության, վաղօրոք նախանշված մարզակենտրոն քաղաքականության իրականացման լավագույն վկայությունն է: