Սիրելի՛ քաղաքացի,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում։

Նախարարությունն ամենօրյա աշխատանքով պետք է ապահովի յուրաքանչյուրի կրթության իրավունքի լիարժեք իրացումը՝ համապարփակ դարձնելով որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը մարդու կյանքի բոլոր փուլերում և բոլոր բնակավայրերում: Գերատեսչության խնդիրն է նպաստել հասարակության ներսում իրավագիտակից քաղաքացու կայացմանը և երիտասարդների կարողությունների զարգացմանը, խթանել գիտական միտքն ու նորարար գաղափարների իրագործումը, աջակցել մշակույթի և ստեղծարար ոլորտների շարունակական զարգացմանը՝ ընդլայնելով քաղաքացիների՝ մշակութային կյանքի ներգրավման և հաղորդակցման հնարավորություններն ու պայմանները, երաշխավորի և աջակցի մշակութային արժեքների պահպանման, ստեղծման և գնահատման, մարզաշխարհում շարունակաբար նոր նվաճումների գրանցման, հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության, տարբեր մարզաձևերով զբաղվելու վարքականոնի տարածման անհրաժեշտ պայմանների ձևավորմանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում է, որ մենք ձևավորում ենք մեր պետության քաղաքացու տեսլականը, այն կարևոր արժեքները, որոնք դառնում են հանրային վարքականոնի հիմք ու նախատիպ։ Մեր գերակայությունը մարդու ստեղծարար ներուժի բացահայտման և հանրային հոգատարության վրա հիմնված հասարակության ձևավորումն է՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների արժանապատիվ, խաղաղ ու ստեղծագործ ներկայի ու ապագայի։

Նախարարության նախաձեռնած բարեփոխումների ակտիվ գործընթացի շահառուները հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներն են՝ սկսած նախակրթարան հաճախող սանից ու նրա ծնողից մինչև բուհում սովորող ուսանող, գիտության, մշակույթի գործիչ, սպորտային հաղթանակի համար պայքարող մարզիկ։ Ձեր ակտիվ մասնակցությունն է, որ նպաստելու է այդ բարեփոխումների արդյունավետ ու հաջող իրականացմանը՝ ի շահ մեր պետության և յուրաքանչյուր քաղաքացու։

Սկսած բարեփոխումները շարունակելու ենք լավատեսությամբ, աշխատասիրությամբ և հետևողականությամբ։

Վստահ եմ, որ բոլոր արդյունքները հասանելի են ջանասեր աշխատանքի, հանուն պետության առաջընթացի միասնական գաղափարի, մարտահրավերներին գիտական հիմնավորվածությամբ, մշակութային և կրթական ստեղծարարությամբ, մարզական ոգով միասնաբար դիմակայելու և օր օրի ուժեղանալու գիտակցումը չկորցնելու շնորհիվ։ Մեզնից յուրաքանչյուրը մեր պետության հզորության գրավականն է։

Հարգանքով՝ Ժաննա Անդրեասյան