ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի նպատակն է ապահովել նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, խրախուսել մասնակցային կառավարումը և քաղաքականության մշակման գործընթացներին շահառու խմբերի ներգրավվածությունը: Հասարակական խորհրդի անհատական կազմի նվազագույն թիվը 15-ն է:

Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հայտեր կարող են ներկայացնել․

1) ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնք գործունեություն են ծավալում ԿԳՄՍՆ հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտների առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտներում իրականացրել են առնվազն երկու ծրագիր (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն).

2) ֆիզիկական անձինք, որոնք գործունեություն են ծավալում ԿԳՄՍՆ հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտների առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն և այդ ժամանակահատվածում մասնակցել են տվյալ ոլորտներում իրականացված առնվազն երկու ծրագրի (մասնակցել են ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։

Խորհրդի անդամների թվաքանակի 25%-ն ընդգրկվում են համայնքներում (բացառությամբ Երևան քաղաքի) գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։

Երկու տարին մեկ անգամ խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության:

Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նիստի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների դիրքորոշումները պարզելու նպատակով նիստը վարողի կամ խորհրդի նիստին մասնակցող անդամների կեսից ավելիի պահանջով կարող է կազմակերպվել բաց քվեարկություն: Քվեարկությունը կրում է խորհրդատվական բնույթ: