Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք

Ինչ է դուալ կրթությունը

Վերջին տարիներին ՄԿՈՒ ոլորտը գտնվում է հանրության ուշադրության կիզակետում՝ հանդիսանալով անհատական, տնտեսական և սոցիալական կարողությունների առաջմղման կարևորագույն շարժիչ ուժ: Այն կարևոր դեր է կատարում երիտասարդների զբաղվածության խթանման գործում և ապահովում է երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հմտություններ: Առավել կարևորվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ որպես մասնագիտական կրթության առանցքային հայեցակետերից մեկը: Այն անմիջականորեն կապված է ՄԿՈՒ առաքելության իրականացման հետ՝ համադրելով գործնական և լսարանային ուսուցումը և հնարավորություն ընձեռելով ուսանողներին՝ ձեռք բերելու ժամանակակից գիտելիքներ, հմտություններ և կարողություններ՝ աշխատաշուկայում կայուն տեղ զբաղեցնելու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար:

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման առավել հեռանկարային մոդելը դուալ համակարգն է: Դրա հիմքում ընկած է մասնավոր հատվածի և կրթական համակարգի սերտ համագործակցությունը, որը սահմանում է ուսուցման կազմակերպման ներգրավման մակարդակները և պատասխանատվության շրջանակը՝ հմտությունների ձևավորման համար: Համակցված այս մոտեցումը լավագույն հնարավորությունն է ընձեռում ուսանողներին՝ դասեր քաղելու անմիջապես աշխատանքային գործընթացներից:

Բացի մասնագիտական հմտությունների ձևավորումից, այն ներառում է մասնագիտական գործունեության լայն շրջանակ և ճկունության շնորհիվ բավարարում է ինչպես առանձին ոլորտներում գործող ձեռնարկությունների կարճաժամկետ պահանջարկը, այնպես էլ աջակցում է փոքր ընկերություններին և ողջ տնտեսությանը՝ դիմակայելու ապագա մարտահրավերներին:

Դուալ ՄԿՈՒ-ի հաջողության գրավականները

Պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը

Դուալ ՄԿՈւ-ն ենթադրում է համատեղ պատասխանատվություն և պարտականությունների ստանձնում ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հատվածների կողմից: Մասնավոր ոլորտը ներկայացնող միավորումների (առևտրաարդյունաբերական պալատներ, բիզնես ասոցիացիաներ և փորձարարության վրա հիմնված միություններ) ներգրավումը և նրանց համագործակցությունը հանրային հատվածի հետ չափազանց կարևոր է դուալ ՄԿՈՒ համակարգի կայացման համար: Համագործակցությունը միտված է մասնագիտական որակավորումների ճանաչմանը, ուսումնական պլանների մշակմանը, դասընթացների կազմակերպմանը, քննությունների անցկացմանը՝ ՄԿՈՒ համակարգման և ֆինանսավորման նպատակով: Մասնավոր հատվածի համակարգված մասնակցությունն ապահովում է ուսուցման բովանդակության, որակի ճանաչման երաշխավորումը՝ տնտեսության առկա պահանջներին համապատասխան: Ներգրավված բոլոր միավորների կողմից քննությունների արդյունքների, վկայականների և մասնագիտական չափորոշիչների ճանաչումը հաջողության կարևոր գրավականներից է և առաջնային նշանակություն ունի համակարգի գրավչության համար:

Ուսումնառություն՝ միանգամից երկու միջավայրում

Ուսումնառության գործընթացը տեղի է ունենում երկու վայրում՝ զուգահեռաբար ուսումնական հաստատությունում և ձեռնարկությունում, որտեղ գործնական ուսուցման համամասնությունը գերակշռող է: Ուսուցման ընթացքում՝ իրական մասնագիտական միջավայրում, ուսանողները ձեռք են բերում տեխնիկական և սոցիալական հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում՝ որպես որակյալ մասնագետ ներկայանալու համար: Ուսանողներն ընտրվում և աշխատանքի են ընդունվում ընկերությունների կողմից: Ուսուցման ողջ ընթացքում նրանց հետ կնքվում է պայմանագիր՝ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի:

ՄԿՈՒ անձնակազմի որակավորումը

Դուալ ՄԿՈւ համակարգի հաջողությանն ու գրավչությանն են նպաստում ՄԿՈՒ մանկավարժության և դիդակտիկայի բնագավառում մասնագիտական կրթություն ստացած և գործնական փորձ ունեցող կառավարչական կազմը, դասավանդողները և հրահանգիչները, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով համալրված նյութատեխնիկական բազան:

Դուալ ուսուցման փորձարկումը ՀՀ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի համագործակցության շրջանակում 2017 թվականի սեպտեմբերից ՄԿՈՒ չորս պիլոտային քոլեջներում՝ Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի տարածաշրջանային և Երևանի պետական հումանիտար քոլեջներում, 41 մասնավոր ընկերությունների հետ համատեղ 170 ուսանողների համար կազմակերպվել է դուալ ՄԿՈՒ հինգ երկարաժամկետ դասընթաց: Դուալ ՄԿՈՒ մոտեցումը ներդրվել է նաև չորս ՄԿՈՒ քոլեջների երեք դուալ կարճաժամկետ ուսումնական դասընթացներում: Մասնավոր ընկերությունների խնդրանքով մշակված այս կարճաժամկետ դասընթացները (4-5 ամիս տևողությամբ) նոր մասնագիտությունների պիլոտավորումն են:

Զուգահեռաբար, իրականացվում է դուալ ՄԿՈՒ հանրային իրազեկման և հաղորդակցման ռազմավարական ծրագրի փորձնական իրականացումը, որն աջակցում է դուալ ՄԿՈՒ բրենդավորմանը և դիրքավորմանը, ինչպես նաև միասնական հաղորդակցման միջավայր է ապահովում գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի համար: Ծրագրի շրջանակում իրականացվել են հանրային իրազեկման արշավներ և ստեղծվել է դուալ բրենդինգը՝ տարբերանշաններով (տե՛ս ստորև) և հետևյալ կարգախոսով՝ «Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք»:

ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետությունում գործող ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների գործընթացին՝ դուալ կրթական համակարգի տարրերի ներդրման միջոցով՝ աշխատաշուկայի տեսանկյունից հեռանկարային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը և գինեգործությունը, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտությունը: Օրինակների շարքում են գինեգործի, զբոսաշրջային ծառայությունների մենեջերի և տեխնիկ ծրագրավորողի մասնագիտությունները: ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ ծրագիրը սերտորեն համագործակցում է գերմանական և միջազգային այլ դերակատարների, այդ թվում նաև դուալ ՄԿՈՒ ոլորտի դոնոր հանձնաժողովի հետ՝ նպաստելով Հայաստանում դուալ ՄԿՈՒ համակարգի ներդրման համար անհրաժեշտ հիմնարար պայմանների բարելավմանը, ՄԿՈՒ հաստատությունների ուսուցիչների և ձեռնարկություններում հրահանգիչների հմտությունների հզորացմանը՝ ի նպաստ հանրային և մասնավոր ոլորտների շահառուների համագործակցության:

ԳՄՀԸ-ի մասին

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ կայուն տնտեսական զարգացման նպատակով: ԳՄՀԸ-ն ունի տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ մասնավոր հատվածի և տնտեսական զարգացման, միջին մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև զբաղվածության բնագավառներում շուրջ 50 տարվա փորձ: Գերմանիայի Դաշնության տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարության պատվիրակմամբ (BMZ)՝ ԳՄՀԸ 1990թ-ից ի վեր իր աջակցությունն է տրամադրում Հարավային Կովկասի հանրապետություններին:

GIZ-ի մասին մանրամասն՝ այստեղ՝ www.giz.de.