Թանգարանները մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և տարածման առանցքային կառույցներ են, որոնք այսօր վերաճում են նաև կարևոր կրթական-սոցիալական հարթակների՝ ընդլայնելով իրենց դերը հանրության զարգացման և առողջ հասարակության ձևավորման գործում:

Թանգարանների ոլորտում տարվող պետական մշակութային քաղաքականությունն ուղղված է թանգարանների ենթակառուցվածքների արդիականացմանը և կառավարման նոր մոդելների ներդրմանը, թանգարանների՝ որպես սոցիալ-կրթական, զբոսաշրջային տարածքների վերակազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծմանը, հասարակության բոլոր տարիքային, սոցիալական խմբերի համար հասանելիության ապահովմանը, հայկական մշակույթի միջազգային ներկայացման և համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը:

Թանգարանների ոլորտում նախարարության նպատակային ծրագրերը ներառում են.

  • թանգարանային բնագավառի օրենսդրական դաշտի ստեղծում.
  • կառավարման նոր համակարգի ներդրում
  • կադրերի վերապատրաստում և պատրաստում
  • թանգարանների շենքային պայմանների բարելավում ու միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ներդրում՝ հարմարավետ ֆոնդապահոցներ ունենալու, գիտահետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ աշխատասենյակներ ստեղծելու, թանգարանային առարկաների վերականգնման, մաքրման, քիմիական հետազոտության և ախտահանման լաբորատորիաներ ունենալու նպատակով.
  • թանգարանների նյութատեխնիկական բազայի վերազինում և համալրում, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում
  • թանգարաններում՝ հատուկ կարիքներ ունեցող այցելուների սպասարկման համար հասանելի պայմանների ապահովում.
  • թանգարանային ցուցադրությունների արդիականացում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման խթանում,
  • թանգարանային զբոսաշրջության զարգացման նպաստում

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ավելի քան 120 թանգարան, որոնցից 50-ը (ներառյալ մասնաճյուղերը)՝ նախարարության ենթակայության ներքո: Կից ներկայացնում ենք նախարարության ենթակայության թանգարանների ցանկը։