Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա), 1/8 եզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին, իսկ քառորդ եզրափակչում՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին:
Սա 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի 4-րդ մեդալն է. ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե:
Այսօր պայքարի էր դուրս եկել նաև ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ): Մեկնարկային գոտեմարտում նա պարտվել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Ռաշիդովին (Ռուսաստանի Օլիմպիական կոմիտե): Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ՝ Թևանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա: