ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն եղել, հետևաբար, այն չէր փոփոխվել: Օրենսդրական փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 73 կողմ ձայն:

Առաջարկվող կարգավորումները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձևով կտրվի մրցույթի արդյունքներով բուհ ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով՝ ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Ըստ փոխնախարարի՝ բացի օրենքով սահմանված շրջանակից՝ սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ և 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով: Ըստ այդմ՝ պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողություններին մասնակցած, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ։

Կարեն Թռչունյանի խոսքով՝ նախատեսվում է, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000, 2022 թ․-ին՝ 6800, 2023 թ-ին՝ 6000, 2024 թ․-ին՝ 4600 ուսանող:

Սահմանվել են նաև տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության՝ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմերը: Ներկայում սահմանվել է ՄԿՈՒ համակարգում՝ 60 տոկոս ՄՈԳ, բակալավրիատում՝ 70 տոկոս և մագիստրատուրայում՝ 80 տոկոս:

Հիշեցնենք, որ փաթեթի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: