ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Վահրամ Դումանյանը Բոլատ Իմանբաևին շնորհավորել է դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Նախարարը կարևորել է հայ-ղազախական միջբուհական համագործակցության կայուն զարգացման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի 10 առաջատար բուհեր արդեն իսկ համագործակցում են Ղազախստանի գործընկեր կառույցների հետ, ինչը նպաստում է երկու պետությունների բուհերի միջազգայնացմանը և գրավչության բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ՀՀ բուհերում սովորում են Ղազախստանի շուրջ 40 քաղաքացիներ՝ ակնկալելով, որ նրանց թիվը կավելանա:
Վահրամ Դումանյանը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով՝ նմանօրինակ համագործակցությունը հեռանկարային է գիտական նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով: Նախարարը շեշտել է Ղազախստանում անցկացվող Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի կարևորությունը, որն ամեն տարի տեղի է ունենում մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում։
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և նշել, որ հայկական կողմն ակնկալում է առաջադեմ մարդկության աջակցությունը: Վահրամ Դումանյանը նշել է, որ հայկական կողմն ունի հավաստի տեղեկատվություն առ այն, որ շուրջ 4000 հայկական վանքեր և մշակութային հուշարձաններ այս պահին գտնվում են ոչնչացման իրական վտանգի ներքո: ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ Ղազախստանի կառավարությունն այդ հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում:
Վահրամ Դումանյանը կարևորել է նաև երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև սպորտի ոլորտում համատեղ մարզական հավաքների և միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ մեծ պատիվ է դեսպան լինել Հայաստանի պես հինավուրց երկրում և հայ-ղազախական կապերն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Նրա խոսքով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Դեսպանն անդրադարձել է նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ փաստելով, որ այն հիրավի «կենդանի կամուրջ» է երկու երկրների միջև: Բոլատ Իմանբաևն ասել է, որ 2019 թվականին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը կազմակերպել է հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի փուլին նվիրված գիտաժողով և ղազախ գրականության դասական Աբայ Կունանբաևին նվիրված գրական ընթերցումներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր: