ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:

Նախարարի տեղակալը ծանոթացել է բուհական միջավայրին, գործունեությանը և շրջայց կատարել համալսարանի գիտակրթական լաբորատորիաներում: Այցի շրջանակում քննարկվել են բուհի հեռանկարային զարգացման ծրագրերն ու կրթության որակի բարձրացմանն առնչվող հարցեր: Կողմերը մասնավորապես անդրադարձել են տարբեր մասնագիտություններում արտասահմանից ուսանողներ ներգրավելու նպատակով միջազգային համագործակցության, ուսանողական հանրակացարանների ապահովման խնդիրներին: Կարևորվել է բուհի կարողությունների օգտագործումը Հայաստանում տարբեր մասնագիտությունների ապագայի վերաբերյալ՝ ինչ նոր մասնագիտություններ կարող են ի հայտ գալ, կամ որ մասնագիտությունները կարող են վերափոխվել:

Արծարծվել են նաև բուհում անվճար տեղերի ձևավորման սկզբունքների, որակյալ կադրերի պատրաստման ռազմավարության, կրթական, գիտական, հետազոտական ուղղություններով բուհը զարգացնելու վերաբերյալ պետական քաղաքականության մշակման հարցերը:

Այս առումով նախարարի տեղակալ Կ. Թռչունյանը հատկապես կարևորել է ստարտափների իրագործումը. «Ամեն ջանք պետք է գործադրել նորարարական գիտելիքներն իրականություն դարձնելու և արդյունքի վերածելու համար»: