Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱՀ նախագահը կարևորել է Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների համագործակցությունը՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նոր ջանքերի գործադրումը Արցախի հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերում որակյալ մակարդակի ապահովման ուղղությամբ։

Փաստելով, որ Արցախ են ժամանել նախարարության գրեթե բոլոր պատասխանատուներով, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այցի շրջանակում նախատեսված է քննարկել օրախնդիր հարցերի մեծ շրջանակ:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ պատվիրակության կազմում ընդգրկված են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԱՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Նախարար Լ Ղարախանյանը ներկայացրել է կրթության ոլորտի առաջիկա ծրագրերը՝ ուսուցիչներին կոչ անելով հավատով և վստահությամբ նայել ապագային և իրենց առաքելության ճանապարհին ջանքեր չխնայել հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, կարևորելով կրթության դերը, հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնաքարը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ասպարեզներում բարձր դիրքերի ապահովումն է։

Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչների հետ։