Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշ փոփոխություններ է կրել: Նախագծի ընդունմամբ սահմանվում են ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ում խոսքով՝ իրականացված փոփոխությունները պայմանավորված են երկու հանգամանքով, այն է՝ Սահմանադրության փոփոխություններից հետո համապատասխան լիազորող նորմերի և իրավական հիմքերի ստեղծման, ինչպես նաև տեսչական մարմնին վերապահված գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով ոլորտում թվայնացման գործընթացը՝ ներառվել է նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգի հաստատման դրույթը:

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում աշխատելով ԱԺ գործընկերների հետ` նախագծում կատարել ենք որոշակի տեխնիկական և խմբագրական փոփոխություններ, որոնք հիմնականում վերաբերել են տեսչական մարմնին կանխարգելիչ և խորհրդատվական գործառույթների տրամադրմանը: Սահմանվել է նաև համապատասխան փոփոխություններից բխող ենթաօրենսդրական ակտերի հաստատման ժամկետը՝ 2021 թվականի հունիսի 30-ը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ փոխնախարարի՝ առաջարկված փոփոխություններից մեկը վերաբերում է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման կարգին. «Գործող օրենքը որպես հաշվարկման չափանիշ սահմանում է «սովորող-թիվ» ֆինանսավորումը, որը հատկապես փոքրաթիվ համայնքների դպրոցների դեպքում խնդրահարույց է դարձնում պատշաճ ֆինանսավորումը: Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ որպես հաշվարկման չափանիշ կարող է ընդունվել «խումբ-թիվ» կամ «սովորող-թիվ» ֆինանսավորումը»,- շեշտել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծի ընդունումը նոր հնարավորություններ կստեղծի տեղեկատվական համակարգի գործառնության, ըստ այդմ՝ տվյալների վրա հիմնված քաղաքականության վարման, ինչպես նաև կրթության ոլորտում վերահսկողական գործառույթի իրականացման առանձնահատկությունների կանոնակարգման համար:

Հարակից զեկուցող պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր հերթին նշել է, որ Աժ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին. «Նախագծով հնարավորություն է տրվում, որ աշակերտների թվով ֆինանսավորման փոխարեն փոքր դպրոցները ֆինանսավորվեն դասարանների թվով։ Սա բավականին կարևոր փոփոխություն է, ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել»։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և հունվարի 20-ին կայացած նիստում քվեարկությամբ ընդունել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: