Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալներ են նվաճել Գոռ Հովհաննիսյանը (Ուկրաինա) և ադրբեջանցի Հաջի Ալիևը, որը հրաժարվել է մասնակցել պարգևատրման արարողությանը՝ իր փոխարեն ուղարկելով բժշկին։

Նշենք, որ եզրափակչի ճանապարհին ևս Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը վստահ հաղթանակներ է տոնել։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել է Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել Նիկոլայ Օխլոպկովի (Ռումինիա) նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով գերազանցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին։

Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Աշխարհի գավաթի խաղարկությունում ելույթներն ավարտեց 3 մեդալով ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) բրոնզե մեդալ էր նվաճել։

Հիշեցնենք նաև, որ ազատոճայիններից առաջ Բելգրադում գորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել էր երկու մեդալ՝ Մալխաս Ամոյանը (72 կգ) դարձել էր արծաթե, իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալակիր։