Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը: Առաջին կանգառը Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքն էր։
Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում կդիտարկվի աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։ «Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը:
Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գեղադիր համայնքում նորաբաց նախակրթարանի փոքրիկ սաներից մեկը՝ Աննան է ԿԳՄՍ նախարարին ցույց տվել իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները:
ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը ՀՀ Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցն էր, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը իր դռները բացել է 30 սաների առաջ: Այս նախակրթարանը ևս գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով սպասում է իր փոքրիկ սաներին։
Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր, և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփել է Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում։ Գետազատի նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունելու է 20 սանի: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջել են խմբասենյակներով, եղել նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրել է նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսել հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում և արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։
Վիդեոշարքը կկարող եք ներբեռնել հետևյալ հղումով: