«Համավարակի նվազման դինամիկան խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը հանրակրթական դպրոցների բացումն է։ Դպրոցների անվտանգ գործունեության վերաբերյալ կայացվել են որոշումներ։ Սահմանված կանոններով պահանջվում է, որ երեխաները դպրոցներում պետք է դիմակներ կրեն, որը հանրության կողմից միանշանակ չի ընդունվում։
Ես ուզում եմ արձանագրել հետևյալը՝ մենք հիմա պարտադրված ենք անել այնպիսի քայլեր, որոնք կբացառեն հակահամաճարակային նոր ճգնաժամի վերադարձը»,-կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համավարակի իրավիճակին և հանրակրթական դպրոցների բացման գործընթացին։

Վարչապետի խոսքով՝ ընդունված կանոնների պահպանումը պարտադիր է, որովհետև դրանց վերջնական նպատակը սահմանափակումների ռեժիմը թուլացելն է։ Նա նաև նշել է, որ իրականացվելու է մոնիթորինգ, և հաշվի առնելով արդյունքները՝ կկայացվեն նոր որոշումներ, որպեսզի մեր երեխաները օր առաջ ազատ լինեն և կարողանան առանց դիմակի դպրոց գնալ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես շեշտել է, որ ուսումնական հաստատություններում սահմանված կանոնների պահպանումը առաջնային նշանակություն ունի, այլապես կարող է վարակի տարածումն ակտիվանալ, որը կվնասի նաև ուսումնական գործընթացի կազմակերպմանը: «Մենք ինքներս շահագրգռված ենք, որ կրթական համակարգի համար սահմանված առողջապահական կանոնները մեղմացվեն, բայց այս փուլում պետք է անենք ամեն ինչ՝ կանոնները խստորեն պահելու համար։ Կան որոշակի մտավախություններ, որ դպրոցների բացվելուց հետո համաճարարակյին իրավիճակը կարող է փոխվել։ Մենք հույս ունենք, որ սահմանված կանոնները պահելու դեպքում, որոշ ժամանակ անց գնալու ենք կանոնների մեղմացման։ Ակնկալում ենք հատկապես ծնողների, նաև ուսուցիչների և աշակերտների աջակցությունն այս հարցում»,- նշել է նախարարը։

Նա նաև հավելել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեծապես ծանրաբեռնված է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահավելու խնդրով և ստիպված է եղել հանակրթության համակարգում իրավական ակտերի զգալի մասում փոփոխություններ կատարել և տալ նոր կարգավորումներ։
Առողջապահության նախարարի տեղակալը զեկուցել է, որ այժմ կատարվում է հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժների համատարած թեստավորում՝ ուսումնական գործընթացին ընդառաջ։