2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողները և մրցանակակիրները, 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներն ու բժիշկները կստանան ամենամսյա սպորտային նպաստ։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում, որը կկիրառվի առնվազն մեկ տարվա կտրվածքով՝ այս տարվա օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերը: Ծրագրի իրականացման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ. բյուջետային տնտեսումների հաշվին կատարվել է վերաբաշխում և հատկացվել է 232 մլն դրամ: Կառավարության նիստին ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսպիսով պետությունը վերահաստատում է սպորտի ոլորտում մեծ դերակատարություն ունենալու իր հանձնառությունը: «Այս որոշմամբ հնարավոր կլինի բարելավել մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների սոցիալական վիճակը, միաժամանակ կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, դրանով իսկ աջակցել նաև մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այժմ 2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկները, որոնց հետ աշխատում են մեծահասակների ՀՀ հավաքականների մեկ գլխավոր և երկու մարզիչներն ու բժիշկներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը նաև նշել է, որ Օլիմպիական խաղերից հետո կքննարկվեն ծրագիրը հետագա տարիներին իրականացնելու հնարավորությունները։