ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և շինարարական կազմակերպությունների ղեկավար Նորայր Մարտիրոսյանն այսօր ստորագրել են հուշագիր Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքի և գավթի վերականգնման վերաբերյալ:
Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել բարերարին համագործակցության առաջարկի և աջակցության համար ու ընդգծել նման աշխատանքների կարևորությունը. «Շնորհակալություն եմ հայտնում այս գործը ստանձնելու համար: Չափազանց կարևոր է ոչ միայն եկեղեցաշինությունն ու նոր հոգևոր, մշակութային արժեքների ստեղծումը, այլև եղած հարուստ ժառանգության պահպանումը և վերականգնումը: Այս տեսանկյունից սա շատ կարևոր և ուրախալի իրադարձություն է, որը, հուսով եմ, կդառնա լավ օրինակ: Հուշագրի ստորագրումը պետության և մասնավոր ոլորտի համագործակցության հիանալի օրինակ է՝ ի շահ մշակութային ժառանգության և ապագայի»,- ասել է Նարինե Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը կհետևի վերականգնման աշխատանքների ամբողջ ընթացքին և մշտապես կաջակցի:
Ն.Մարտիրոսյանը նշել է, որ տպավորված է իրենց առաջարկին նախարարության արագ արձագանքից, ինչն ավելի է մեծացրել իր ոգևորությունը, գործը մինչև վերջ և սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու պատրաստակամությունը. «Շնորհակալ եմ նախարարությանը մեր առաջարկին արագ արձագանքելու և համագործակցության համար: Սա ինձ համար շատ կարևոր նախաձեռնություն է: Հոգևոր մշակույթի զարգացմանը պետք է նպաստել ոչ միայն մարդաշատ քաղաքներում նոր եկեղեցիներ կառուցելով, այլև լքված վայրերում գտնվող մեր հոգևոր կենտրոնները վերականգնելով: Կարծում եմ՝ եթե ունես գումար աշխատելու հնարավորություն, պետք է նաև կարողանաս աջակցել, ներդրումներ կատարել կարևոր ձեռնարկներում: Հույս ունեմ՝ վերականգնման աշխատանքներից հետո այս գողտրիկ եկեղեցին կգրավի նաև զբոսաշրջիկների ուշադրությունը»,- ասել է բարերարը՝ վստահեցնելով, որ աշխատանքները կիրականացվեն պատշաճ մակարդակով:
Նախատեսվում է, որ Սուրբ Նշան եկեղեցու վերականգնման աշխատանքները կտևեն 3 տարի, սակայն կողմերի համոզմամբ՝ ջանքերի համատեղումը կնպաստի աշխատանքներն ավարտել առավել սեղմ ժամկետներում։