Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզ՝ մասնակցելու Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճների, հանդերձարանների ու հարակից տարածքի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են շուրջ երեք ամիս առաջ՝ մայիսի 27-ին, «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի շրջանակում։

Նախաձեռնությունը միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, հանրայնացնելու ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստելու վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ակտիվացնելու համայնքային կյանքը: Վերանորոգման աշխատանքները համաֆինանսավորել է «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:

Տեղեկացնենք, որ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրում արդեն իսկ ընդգրկվել են նոր դպրոցներ: