ԿԳՄՍ նախարարության և «Գինու ճանապարհներ» ֆեդերացիայի (ITER VITIS FEDERATION) միջև առցանց հանդիպման շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակում՝ ապագայում ևս իրականացնելու նպատակային և արդյունավետ նախագծեր: Նախարարության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։ Առցանց հանդիպման կարևոր արդյունքներից է «Արենի-1 քարայր» կոնսորցիումին «Գինու ճանապարհներ» ֆեդերացիայի պատվավոր անդամի վկայականի տրամադրումը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ֆեդերացիայի գործունեությունը, «Մշակութային ուղիներ» ծրագիրը և անդրադարձ կատարվել ծրագրի համալսարանական ցանցի գործունեությանը, ինչպես նաև խոսվել է գինու՝ որպես նյութական և ոչ նյութական, համամարդկային արժեքի, գինեգործության, կրթության, մասնագիտական վերապատրաստումների, հնագիտության և մի շարք այլ հարցերի մասին: «Մշակութային ուղիներ» ծրագրում գործունեությունը ավելի ամրապնդելու և ակտիվացնելու, ինչպես նաև մի շարք այլ մշակութային ուղիների հետ համագործակցելու և անդամակցելու նպատակով վերջին մի քանի ամսվա ընթացքում զգալի աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես, հայերեն է թարգմանվել Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի մասին ուղեցույցը, որը առաջիկայում կհրապարակվի ծրագրի կայքում:

Նշենք, որ 2015 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի ընդլայնված մասնակի համաձայնագրի «Մշակութային ուղիներ» ծրագրի լիիրավ անդամ է: Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիները» հիմնադրվել է 1987 թվականին՝ Եվրոպական ժառանգության համատեքստում մշակութային համագործակցությունը և տուրիզմի զարգացումը խրախուսելու նպատակով: Ծրագրի շրջանակում ստեղծվել են 38 մշակութային ուղիներ, որոնք Եվրոպական ինքնության, մշակութային բազմազանության, հարգանքի և երկխոսության ոգով աջակցում են իրական, կայուն և մասնակցային զարգացմանը ամբողջ Եվրոպական մայրցամաքի տարածքում և նրա սահմաններից դուրս: «Մշակութային ուղիները» գործնական կիրառության մեջ են դնում Եվրոպայի խորհրդի այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները, մշակութային ժողովրդավարությունը, մշակութային բազմազանությունն ու ինքնությունը, երկուստեք փոխանակումներն ու դարերի խորքից եկող արժեհամակարգերի հզորացումը: Վերոնշյալ 38 մշակութային ուղիներից Հայաստանը անդամակցում է «Գինու ճանապարհներ» (ITER VITIS) մշակութային ուղուն: «Iter Vitis» մշակութային ուղին ստեղծվել է 2009 թվականին: Ինչպես «Գինու ճանապարհներ» մշակութային ուղին, այնպես էլ մյուս բոլոր 37 մշակութային ուղիները բացառիկ հնարավորություն են ընձեռում անդամակցելու և համագործակցելու մասնագիտական ասոցիացիաների հետ ամբողջ Եվրոպայի տարածքում, մասնակցել տարբեր մասնագիտական քննարկումների, գիտաժողովների: