ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլին, զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Ելենա Միլոշևիչը ներկայացրել է ծրագրի շրջանակում մեր երկրի հետ համագործակցության դրական արդյունքները` նշելով, որ Հայաստանում դպրոցական սննդի ապահովման հաջողված փորձը` որպես արդյունավետ մոդել, կարող է ներդրվել նաև այլ երկրներում:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի հետ առաջիկա տարիների ՊՀԾ համագործակցության նոր ռազմավարությունը, որով նախատեսվում է դպրոցական սննդի ծրագրի հիման վրա ընդլայնել համագործակցությունը` ներառելով նաև սոցիալական ապահովության, գյուղատնտեսության և այլ ոլորտներ:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ կառավարությունն ու մասնավորապես ԿԳՄՍ նախարարությունը կարևորում են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը` ընդգծելով դրանում նոր բաղադրիչների` տեղական արտադրության մթերքների վրա հիմնված ագրոբիզնեսի, դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղությունների ներառումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործունեությանը: Ծրագրի իրագործման արդյունավետության տեսանկյունից կարևորվել է դպրոցական խոհարարների վերապատրաստման նոր համակարգի ներդրումը` օգտագործելով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներուժը: ՊՀԾ-ի հետ համագործակցությամբ խոհարարները կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն մարզային քոլեջներում և ուսումնարաններում: Կողմերը կարևորել են նաև դպրոցներում սննդի ապահովման կազմակերպման գործընթացի մոնիթորինգի և վերլուծության իրականացումը, որը հնարավորություն կտա բարելավել ծրագրի արդյունավետությունը:
Նշենք, որ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մարզերում ծրագիրն իրականացվում է ՊՀԾ աջակցությամբ: Հայաստանում ծրագրի դոնորը Ռուսաստանի Դաշնությունն է: