Փետրվարի 19-ն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է` այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը և աշակերտները զրուցել են կարդացած գրքերի, սիրած հեղինակների, գրական ժանրային նախասիրությունների, էլեկտրոնային գրքերի, դպրոցական գրադարանների և գրքին առնչվող այլ թեմաների շուրջ:

Շնորհավորելով Թումանյանի 151-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է անել հնարավորը՝ երեխաների շրջանում խրախուսելու ընթերցանությունը: «Գիրք կարդալն արժեքային համակարգ է փոխում և ավելի հանդուրժող ու հարգալից դարձնում միմյանց նկատմամբ: Մեր հասարակության մեջ այդ արժեքները պետք է սերմանվեն հենց այս տարիքից, և դուք՝ որպես այդ արժեքները կրող դեսպաններ, պետք է դրանք տարածեք ձեր միջավայրում: Վստահ եմ, որ այս սերունդն ամբողջությամբ փոխելու է Հայաստանի Հանրապետությունը և ավելի լավ հասարակություն ստեղծելու, իսկ գրքերը դրան շատ են օգնելու»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ ներկաներին խորհուրդ տալով՝ շատ կարդալ:

Նախարարի խոսքով՝ տարիներ առաջ Լևոն Անանյանի նախաձեռնած գեղեցիկ այս տոնը տարեցտարի մեծ տարածում է գտնում, և երեխաները միմյանց գրքեր են նվիրում: Միջոցառման ավարտին Արայիկ Հարությունյանը և երեխաները ևս միմյանց գրքեր են նվիրել: