Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Հնդկաստանում 2020 թ. փետրվարի 1-16-ը անցկացվող Սուրաջկունդի 34-րդ միջազգային արհեստների փառատոնին: Հայկական պատվիրակությունը ներկայացնում են ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի կրող խմբեր:

Հայաստանի տաղավարում ցուցադրված են հայ վարպետների (Արմենուհի Խաչատրյան, Արմինե Պողոսյան, Մարալ Շեուհմելիան) ասեղնագործություններ, գոբելեններ և ժանյակներ: Փառատոնի ընթացքում նախատեսվում են նաև «Կայթ» նվագախմբի ելույթները:

«Կայթ» նվագախումբը հիմնադրվել է 2016 թվականին, Երևանում՝ Կորյուն Դավթյանի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով ազգային նվագարաններով կատարելու հայկական ժողովրդական ավանդական երաժշտություն։ Կազմում ընդգրկված են երիտասարդ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրը տիրապետում է որևէ երաժշտական գործիքի, այդ թվում` բլուլ, շվի, պարկապզուկ, զուռնա, դուդուկ, դհոլ, դափ, քանոն և ուդ։ Խմբում ընդգրկված են նաև երգիչ և երգչուհի:

«Կայթ» նվագախմբի երկացանկի մեծ մասը ներկայացնում է բանավոր ավանդույթով պահպանված և 19-20-րդ դարերում Կոմիտասի, Միհրան Թումաճանի, Արամ Քոչարյանի ջանքերով գրառված նմուշներ։ Լինելով հայ ժողովրդական մի շարք երգերի և մեղեդիների առաջին բեմական կատարողը, «Կայթը» փորձում է պահպանել ավանդույթը՝ ժամանակակից մտածողության պայմաններում։