«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» նախագծի «Մշակույթ» ենթածրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրով: Ծրագիրը Հայաստանի մշակութային գործիչներին հնարավորություն է տալիս համագործակցել եվրոպացի գործընկերների հետ և ստեղծարար գործունեություն իրականացնել եվրոպական հարթակներում:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովան: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ:
Շնորհավորելով կազմակերպիչներին՝ Արայիկ Խզմալյանն ասել է. «Այն ինչ անում է «Ստեղծարար Եվրոպա» նախագիծը, ուղղակիորեն բխում է մշակույթի ոլորտում պետական քաղաքականությունից, այն է՝ միջազգային կապերի ընդլայնումը, համատեղ նախագծերի իրականացման խթանումը: Հույս ունեմ՝ «Ստեղծարար Եվրոպա»-ի շնորհիվ եվրոպական փորձի յուրացման, եվրոպական մասնագետներին ընդգրկելու, գեղարվեստական նորարական միտումները կներմուծվեն նաև մեր մշակութային իրականություն»:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան ևս հանդես է եկել ելույթով և ողջունել է հայ մասնակիցների արդյունքներն ու նվաճումները: ««Ստեղծագործ Եվրոպա» նախագծում` i-Portunus ճամփորդական դրամաշնորհի 3 մրցույթներում հաղթող է ճանաչվել 6 մասնակից: Սա ավելի բարձր արդյունք է՝ շատ այլ երկրների հետ համեմատած: Շարունակե՛ք օգտվել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով առաջարկվող հնարավորություններից».- նշել է նա:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են 2019թ. ծրագրի շրջանակում Հայաստանի գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև` Եվրոպա Նոստրա եվրոպական մշակութային ժառանգության մրցանակակիր նախագծերը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում այս տարի հայաստանցի արվեստագետները մշակութային համագործակցություն են իրականացրել եվրոպական ավելի քան 10 երկրի գործընկերների հետ, իրականացրել են փոխադարձ ճամփորդություններ և մասնակցել վերապատրաստման դասընթացների:
Հայաստանի Հանրապետությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրին պաշտոնապես միացել է 2018թ․ ամռանը, ծրագրի հայաստանյան գրասենյակը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Եվրոպականա Հանձնաժողովի աջակցությամբ։