ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը: Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը, ներկաներին շնորհավորելով ծրագրի շրջանակում հաղթելու կապակցությամբ, ասել է, որ մասնակից վառ անհատները կարող են ապահովել մեր հասարակության առաջընթացը. «Անհատը՝ որպես մեր հասարակության կարևոր բաղադրիչ, ապահովում է մեր առաջընթացն անձնական վերափոխմամբ։ Երբե՛ք չդադարեք երազել, երբե՛ք։ Դա հաղթանակների ու հաջողությունների հասնելու համար ամենակարևոր բաղադրատոմսն է»,- ասել է Ա. Հարությունյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագրի անցկացմամբ նպատակ ունի խթանել հանրային կյանքին երիտասարդների մասնակցությունը, խրախուսել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, երիտասարդական խմբերին և երիտասարդական հասարակական կազմակերպություններին, արժևորել նրանց ձեռքբերումները, բարձրացնել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման ակտիվ գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակը:
Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 11 անվանակարգում: Հայտերի ընդունումը սկսվել է հոկտեմբերի 21-ից և շարունակվել մինչև նոյեմբերի 23-ը։ Առցանց հայտը կարող էր լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լիներ երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում: Բոլոր անվանակարգերի լավագույն եռյակում հայտնված երիտասարդները հրավիրվել էին մասնակցելու միջոցառմանը, որի ժամանակ էլ տեղի ունեցավ հաղթողների որոշումը՝ առցանց քվեարկությամբ և Երևանի պետական կամերային թատրոնում գտնվող ներկաների մասնակցությամբ։
«Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019»-ի մրցանակակիրները
- Երիտասարդ բժիշկ - Լիլիթ Խաչատրյան,
- Երիտասարդ բնապահպան - GyumRiver,
- Երիտասարդ գյուղատնտես - Արամ Վերդյան,
- Երիտասարդ գիտնական - Մարիա Անտոնոսյան,
- Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ - Սաղսարա,
- Հայրենիքի երիտասարդ պաշտպան - Արեն Շախկյան, Հրանտ Սարկիսով, Արգիշտի Ղարդաշյան,
- Երիտասարդական աշխատող - Լիլիթ Մակարյան,
- Երիտասարդ մարզիկ - Արթուր Ավետիսյան,
- Երիտասարդ հայրենադարձ - Նարեկ Սուսանի,
- Երիտասարդ գործարար - Անի Անտոնյան,
- Տարվա երիտասարդ - Տիգրան Մալխասյան։