Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել ներառող դասավանդմանն ուղղված ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների և աշխատանքային գիրք-տետրերի շնորհանդես: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթական գործընթացում ներառականություն ապահովելու ուղղությամբ արված աշխատանքները՝ ընդգծելով, որ արդյունավետության առումով չափազանց կարևոր են հետադարձ կապի ապահովումը, ծնողական և մանկավարժական համայնքների հետ երկխոսությունը:
«Արդեն իսկ ունենք օրենսդրական հիմքերն ու կարգավորումները, անհրաժեշտ վերապատրաստումների մոդուլները և նյութերը, բայց ամեն դեպքում գործընթացը պահանջում է կարողությունների շարունակական զարգացում և միջավայրի ձևավորում: Քայլ առ քայլ արվող փոփոխությունների միջոցով ակնհայտ է դառնում, թե ինչպես է աշխատում ներառականության միջավայրը, որքան ժամանակ ու հետևողականություն են պետք»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ չնայած կատարված մեծ աշխատանքին՝ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև այս սեպտեմբերից ուժի մեջ մտած կարգավորմանը, ըստ որի՝ սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախելու դեպքում երեխաներն ընդգրկվում են իրենց տարիքային խմբին համապատասխան դասարաններում: Նախարարի խոսքով՝ մշակվող ձեռնարկները, ուղեցույցները, աշխատանքային գրքերն ու տետրերն այն գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս ամենօրյա աշխատանքը դարձնել ավելի հասկանալի, համակարգված և կանխատեսելի։ «Նման մեթոդաբանությունների և ծրագրերի կիրառման գործիքակազմերի մշակումը նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի առաքելությունն է: Ուրախ եմ, որ կենտրոնն այս առաքելությունը հետևողականորեն իրագործում է՝ համագործակցելով տարբեր կառույցների հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ուսումնամեթոդական նյութերում ներկայացված են ուսուցման անհատականացված և ճկուն մեթոդներ, ֆիզիկական և զգայական միջավայրերի ստեղծման գործնական լուծումներ, սոցիալ-հուզական ուսումնառության, վարքագծի կառավարման գործնական լուծումներ ու մասնավոր դեպքերի նկարագրություններ և այլն:
Ձեռնարկները երաշխավորվել են ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես ուսումնաօժանդակ նյութեր: Ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՄԿ կայքում։