ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը:

Ծրագրին հնարավոր է դիմել ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգի համաձայն, որում կատարվել են փոփոխություններ:

Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 տարեկան երիտասարդները կամ նույն տարիքի երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները:

Կարգի համաձայն՝ աջակցություն կտրվի.

  1. Երիտասարդների կամ երիտասարդական հասարակական կազմակերպությունների անդամներին՝ միջազգային երիտասարդական միջոցառումներին, այդ թվում՝ համաժողովների, աշխատաժողովների, լրացուցիչ և շարունակական կրթության դասընթացների և երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումների մասնակցելու համար,
  2. Երիտասարդ մասնագետներին՝ կրթական, գիտական, մշակութային, մարզական և հանրային կյանքի այլ ոլորտներում /առողջապահական, բնապահպանական/ կազմակերպվող միջազգային դասընթացներին, աշխատաժողովներին, համաժողովներին, կարողությունների զարգացման միջոցառումներին մասնակցելու համար: Փոխհատուցումը կարող է տրամադրվել բացառապես այն դեպքերում, երբ միջոցառումների խորագրում շեշտադրված է դրանց երիտասարդական բնույթը, կամ երիտասարդների՝ առաջնային թիրախ լինելու հանգամանքը: