Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց թիվ 122 դպրոց և ծանոթացել պայմաններին:

Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 հունվարին: Ներկայում այստեղ սովորում է 821 աշակերտ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 948 մլն դրամ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել իրադարձության կարևորությունը. «Մեր երկրի ապագայի համար ամենակարևոր իրադարձությունները տեղի են ունենում ոչ միայն կառավարական շենքերում, այլև դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ ձևավորվում են մեր երկրի ապագայի մասին պատկերացումներն այն մարդկանց մտքում, ովքեր պետք է իրագործեն դրանք: Եվ այս առումով նման դպրոցների ստեղծումը, ֆիզիկական պատշաճ միջավայրի ձևավորումը չափազանց կարևոր է, որովհետև քաղաքաշինությունը և քաղաքաշինական օբյեկտները մեր մտածողության վրա ուղիղ ազդեցություն ունեցող գործոններ են, ինչը երբեք չպետք է թերագնահատել»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն նրանք, ովքեր նպաստել են դպրոցի կառուցման աշխատանքներին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Ասիական զարգացման բանկին համագործակցության համար և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, կզարգանա: