Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը։

Թանգարանում հյուրերը շրջայց են կատարել, ծանոթացել համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի հեղինակային ցուցանմուշներին, փարաջանովյան արվեստի ինքնատիպ միջավայրին:

Փարաջանովի թանգարանում հյուրերի համար ՌեԱնիմանիա փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Zako» լիամետրաժ անիմացիոն կինոնախագծի շնորհանդեսը։

Հեղինակները ներկայացրել են Ֆիլմի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ «Zako»-ն այն եզակի ֆիլմերից է, որը դեռևս նախագծման ու զարգացման փուլում արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային անիմացիոն կինոաշխարհի ներկայացուցիչների շրջանում։ Ֆիլմը ստեղծվելու է հայ-ֆրանսիական-լիտվական համագործակցությամբ, և այն շուտով մտնելու է նախաարտադրական փուլ։ Այն նվիրված է սովետահայ նկարիչ Սարգիս Մանգասարյանին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկվել է իր նկարելու ձիրքի շնորհիվ։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Եվրիմաժի (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանը, որը մեր երկրում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով։