Կայացել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) կոնգրեսը, որը Երևանում անցկացվում է առաջին անգամ:

Կոնգրեսին մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, միջազգային ֆեդերացիային անդամակցող ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Շնորհակալություն հայտնելով բոլոր պատվիրակներին Հայաստան այցելելու և կոնգրեսին մասնակցելու հրավերի համար՝ Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ կոնգրեսում ընդունված որոշումները լինելու են ի նպաստ ծանրամարտի զարգացման ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ եվրոպական մայրցամաքն աշխարհում ծանրամարտի զարգացման մեծ ներդրում ունի:

«Հայաստանը մեծ ձեռքբերումներ ունի այս մարզաձևում, և մենք ուզում ենք ներկայում ու ապագայում զարգացնել այդ հաջողությունները: Մենք նաև այս քայլով և այս ներդրմամբ ցանկանում ենք աշխարհում ծանրամարտը զարգացնել, որպեսզի այն հարատև լինի մարզաձևերի օլիմպիական ընտանիքում»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Կոնգրեսի ընթացքում հաստատվել են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակները, ներկայացվել են ֆեդերացիայի նախագահի, գլխավոր քարտուղարի և այլ պաշտոնյաների տարեկան հաշվետվությունները, ֆինանսական, հակադոպինգային և այլ զեկույցներ: Քննարկվել են նաև առաջիկայում անցկացվելիք Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին ու այլ մրցաշարերին վերաբերող կազմակերպչական հարցեր: