ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին:

Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-դանիական հարաբերությունները զարգացման նոր փուլ կմտնեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում դանիական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել. «Մեզ համար առաջնահերթություն է բոլոր ուղղություններով բարեփոխումների իրականացումը: Այդ գործում կարևորում ենք նաև Դանիայի հետ սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Պատրաստակամ ենք գործընկերային հարաբերությունները զարգացնել հանրակրթության, բարձրագույն կրթության, ոչ ֆորմալ կրթության, գիտության և ԿԳՄՍՆ համակարգման այլ ոլորտներում»,-ասել է նախարարի տեղակալը՝ նշելով, որ հայ-դանիական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ համատեղ գիտական, կրթական, միջբուհական, հետազոտական և ուսանողական ծրագրեր իրականացնելու համար:

Կարևորելով համագործակցությունը քաղաքացիական կրթության և ժողովրդրավարության զարգացման առումով, նախարարի տեղակալը դեսպանին տեղեկացրել է, որ քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակության զարգացումը շեշտադրված է ինչպես կրթության, այնպես և երիտասարդական քաղաքակականության մեջ։ Նա հույս է հայտնել, որ համատեղ հետաքրքրության առարկա հանդիսացող այս ոլորտում ևս կարող են երկկողմ համագործակցության ծրագրեր իրականացվել` քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ:

Դեսպան Անն Թովթ Սորենսենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորության համար և շեշտել, որ դանիական կողմը ևս պատրաստ է ընդլայնելու համագործակցության շրջանակը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև մշակույթի ու արվեստի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: