Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպություններ, որոնք ունեն`

1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,

2) վերապատրաստումն առկա կամ հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,

3) վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան մոդուլ, ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,

4) վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն`

ա. բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,

բ. գիտելիքներ և հմտություններ` մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ մանկավարժության մեջ տեխնոլոգիաների կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության, նախադպրոցական մանկավարժական տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

Վերապատրաստում իրականացելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ /ձևանմուշը կցվում է/, որը ներառում է`

1) դիմում,
2) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),
4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի վերջիններիս կրթության և փորձառության վերաբերյալ ինքնակենսագրական տվյալներ,
5) կազմակերպության` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
6) տվյալներ` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,
8) վերապատրաստման ծրագիրը կամ դրա որևէ բաժինը, որը ցանկանում է իրականացնել կազմակերպությունը,
9) վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված` 110-ժամյա վերապատրաստման թեմատիկ մոդուլ՝ առավելագույնը 25 օրվա համար: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում է միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:

Դասընթացը երաշխավորելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ /ձևանմուշը կցվում է/` որը ներառում է`

  1. դիմում,
  2. վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին դասընթացի համապատասխանության հիմնավորում,
  3. դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն),
  4. դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,
  5. դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ։

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 12-ը՝ ժամը 15:00-ն, դիմեն ԿԳՄՍ նախարարություն:

Հարցերի դեպում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանին, հեռ.՝ 010-599619: