ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովայի գլխավորած պատվիրակության հետ:
Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով կողմերը կարևորել են կրթության և գիտության բնագավառներում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել միջպետական ծրագրերի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որոնցով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում բարձրագույն կրթություն ստանալու Ռուսաստանի բուհերում, իսկ ՌԴ քաղաքացիները՝ ՀՀ բուհերում: Նշվել է, որ ըստ մասնագիտական առաջնահերթությունների հատկացվող տեղերը և համապատասխան մասնագետների պատրաստումը՝ առավել կարևորվում են երկրի տնտեսության զարգացման կայունությունն ապահովելու համատեքստում:
Քննարկվել են համատեղ նախաձեռնություններ իրականացնելու առաջարկություններ, որոնք վերաբերում են փորձի փոխանակմանը և միջբուհական ծրագրային համագործակցության զարգացմանը, ուսանողների, դասավանդողների, երիտասարդ գիտնականների և հետազոտողների փոխանակման ծրագրերի իրագործմանը:
ՀՀ և ՌԴ փոխնախարարներն արձանագրել են, որ փորձի փոխանակման ծրագրային նախաձեռնությունները կարող են ներառել դիպլոմների թվայնացման և կրկնակի դիպլոմների տրամադրման, բուհերի հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների կազմակերպման, ինչպես նաև կրթության որակի գնահատման բնագավառները:
ՌԴ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ելենա Գորոժանկինան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դեկանի տեղակալ Արամ Աֆյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, համատեղ ծրագրերով մրցունակ մասնագիտական կադրերի թողարկմանն առնչվող մի շարք այլ հարցեր: