ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսին:

Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա էր նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

Գիրքը տպագրվել է «Volkswagen» միջազգային հետազոտական հիմնադրամի աջակցությամբ՝ 2019 թ. մեկնարկած «Քարը հայկական ճարտարապետության մեջ» խորագրով ծրագրի շրջանակում, որը նվիրված էր քարե շինությունների և հայկական ժառանգության պահպանմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է ներկաներին և անձամբ հեղինակին հայագիտական այս կարևոր աշխատության համար, որը միավորել է ինչպես կրթության, այնպես էլ գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին:

Փոխնախարարը նկատել է՝ Զիգֆրիդ Զիգիզմունդը շարունակել է գերմանացի հայասերների ու հայագետների գործը, որոնց անունները երախտագիտությամբ են հիշվում՝ Հայնրիխ Հյուբշման, Յոզեֆ Մարկվարտ, Պաուլ Յունգման, Թեսսա Հոֆման, Հերման Գոլց, Ֆոլկմար Գանցհորն և այլք:

«Հուսով ենք՝ վաստակաշատ գիտնականը կշարունակի հայ մշակույթի ուսումնասիրման և տարածման ուղղությամբ իր աշխատանքները, և մենք առաջիկայում ևս կունենանք առիթներ՝ մասնակցելու նոր ու հետաքրքիր աշխատությունների շնորհանդեսների: Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են հայաստանյան լավագույն բուհերից մեկի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

«Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» խորագրով գիրքը ներկայացնում է Հայաստանի ու հայ ժողովրդի հետաքրքրաշարժ կողմերը՝ հնարավորություն տալով օտարներին բացահայտելու Հայաստանը, ծանոթանալու մշակույթին, բնաշխարհին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին և այլն:

Ինչպես ներկայացրել է հեղինակը՝ Զիգֆրիդ Զիգիզմունդը, գիրքը նախատեսված էր հրատարակել որպես գիտական աշխատություն, հետո որոշվել է լայնացնել շրջանակը՝ ներառելով ուսումնասիրման տարբեր ոլորտներ: Պրոֆեսորը շնորհակալություն է հայտնել աջակիցներին, հայ մասնագետներին՝ ջանքերի ներդրման և հաջող ավարտի համար:

Գիրքն անդրադառնում է նաև Հայաստանի երկրաբանական էվոլյուցիային, հնագիտական ժառանգությանը, հոգևոր և աշխարհիկ ճարտարապետությանը, գինեգործությանն ու կենսապահովման մշակույթի այլ ոլորտներին: Ինչպես նաև ներկայացված է 100 պատճառ, թե ինչու պետք է սիրել Հայաստանը: