ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Տալալ ալ-Խալիլը, խմբի զեկուցող Յասեր ալ-Սալամաhը, Ժողովրդական ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության վարչական հարցերով պատասխանատու Մանազել Հասանը, ՀՀ-ում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալատհբա Ահմադ Հասսանը և այլք:

Ողջունելով պատգամավորական բարեկամական խմբի անդամներին՝ Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը համակարգում է տարբեր ոլորտներ, և այդ համատեքստում անհրաժեշտ է դիտարկել համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում: Նախարարը փաստել է, որ Սիրիայում գործում է հայկական հրաշալի համայնք, որը բացառիկ նշանակություն ունի մեր երկրի համար՝ հանդիսանալով յուրօրինակ կամուրջ:

Վահրամ Դումանյանը կարևորել է Սիրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ առաջարկելով դիտարկել երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը՝ վերջինիս հաղորդելով նոր բովանդակություն և չափելի արդյունքներ:

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանն իր հերթին նշել է, որ խոստումնալից երիտասարդներն են ցանկացած երկրի հույսը և շարժիչ ուժը՝ գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում նրանց հիմնախնդիրներին: Նրա խոսքով՝ չնայած պատերազմով պայմանավորված մարտահրավերներին՝ Սիրիայում գործող գիտակրթական հաստատությունները երբեք չեն դադարեցրել իրենց գործունեությունը: Լյուսի Իսկանյանն առաջարկել է թարմացնել երկու երկրների միջև եղած համաձայնագիրը՝ մասնավորապես փոխադարձության սկզբունքով ուսանողական կրթաթոշակների տրամադրման հարցով:

Վահրամ Դումանյանը՝ փաստելով, որ ՀՀ բուհերում հիմնականում սովորում են սիրիահայ երիտասարդներ, հույս է հայտնել, որ մեր երկրի բուհերը գրավիչ կլինեն նաև ազգությամբ սիրիացի ուսանողների համար, ինչն առավել կամրապնդի երկու պետությունների միջև կապերը: Նախարարի խոսքով՝ երկու երկրներն էլ անցել են պատերազմի միջով. «Պատերազմները և մարդկային դաժանությունները ճիշտ կրթության բացակայության հետևանք են: Ամենահզոր զենքը կրթությունն ու մշակույթն են, որոնցով պետք է ներկայանալ աշխարհին»:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման և երիտասարդների միջև շփումների ակտիվացման կարևորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքային խմբերը կմշակեն երկու երկրների միջև համագործակցության մասին հուշագրի նախագիծ: