ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Կողմերը քննարկել են կրթության ոլորտին առնչվող երկկողմ համագործակցության ծրագրեր:

Ողջունելով դեսպանին` նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ֆինական կրթության մոդելի արդյունքները տպավորիչ են, փորձը` հետաքրքրության արժանի:

Ընդգծելով, որ ինքը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, դեսպանը փաստել է, որ ֆինական կողմը ոչ ֆորմալ կրթության ձևաչափով Հայաստանում մի շարք զարգացման ծրագրերի նախաձեռնություններ ունի` Ֆինլանդիայի ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Հայկական կողմն առաջարկել է փոխհամագործակցության ծրագրեր միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում, մասնավորապես՝ ուսանողների և հետազոտողների փոխանակման, մանկավարժական կրթության բնագավառում համատեղ հետազոտական ծրագրեր:

Նախարարը նշել է, որ կրթության համակարգը Կառավարության ուշադրության կենտրոնում է, ոլորտին առաջնային տեղ է տրված Կառավարության ծրագրում:

«Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցում: Այդ ծրագրի իրագործումն արդեն մեկնարկել է»,- նշել է Վահրամ Դումանյանը և տեղեկացրել, որ բոլոր դպրոցներն ապահովվելու են նոր գույքով և առարկայական լաբորատորիաներով` ԲՏՃՄ (STEM) առարկաների ուսուցման որակի բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ֆինական կրթության փորձի գործնական օրինակներ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում այժմ ընթացող հանրակրթական բարեփոխումների համատեքստում ֆինական փորձը կարող է դիտարկվել Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման և ներդրման շրջանակում: Նա նաև առաջարկել է իրականացնել փոխհամագործակցության ծրագրեր գիտության, սպորտի և երիտասարդության բնագավառներում: