Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն դեսպանների հետ: Հանդիպմանը մասնակցել են 13 երկրների դեսպաններ և գործերի ժամանակավոր հավատարմատարներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի և Լիբանանի դեսպաններին՝ հանդիպման նախաձեռնության համար: Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին՝ մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Նա հայտնել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում, բուհերում, երաժշտական և արվեստի դպրոցներում ու գրադարաններում կկազմակերպվեն ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ: Ըստ փոխնախարարի՝ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ամենանշանակալի միջոցառումն ապրիլի 21-ին և 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք կանադացի հանրահայտ երգիչ Գառուի համերգն է:

Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, հավատարիմ մնալով ֆրանկոֆոնիայի հիմնական առաքելությանը, մշտապես ջանքեր է գործադրում այդ առաքելության, այն է՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, ֆրանսերենի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության խթանման ուղղությամբ:

«Ուրախ ենք ֆրանկոֆոն միջազգային հանրության մասը կազմելու համար. ֆրանկոֆոնիան մեզ համար ոչ միայն առանձին ուղղություն է, այլև հնարավորություն՝ կրթության և մշակույթի ոլորտների զարգացման նպատակով նոր ռեսուրսներ ներգրավելու և իրականացվող բարեփոխումներն արագացնելու առումով: Մենք առաջիկայում նախատեսում ենք ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման որոշակի ձևաչափ մշակել՝ դրանք առավել համադրելի դարձնելու նպատակով»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ կարևորելով յուրաքանչյուր դեպանության դերը ֆրանկոֆոնիայի շարժման մեջ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը վերահաստատել է, որ նախարարությունն անելու է հնարավորը՝ ուղղված կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ֆրանկոֆոն օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը:

Ֆրանկոֆոն դեսպանների խումբը գլխավորող ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը տեղեկացրել է, որ խումբը ձևավորվել է 2018 թվականին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ժամանակ: Նա շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի շարժման արժեքները կիսող երկրների մաս է կազմում նաև Հայաստանը, և խումբը պատրաստ է աջակցելու մեր երկրին՝ ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին նշել է, որ այս տարի շատ հարուստ և խիտ ծրագիր է նախատեսված ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում: Նրա խոսքով՝ նախատեսվում է ֆրանկոֆոնիային վերաբերող ճանապարհային քարտեզ մշակել, որում կներառվեն ՀՀ կրթական համակարգում ֆրանսերենի ուսուցման խթանման և ֆրանկոֆոնիայի արժեքների ամրապնդման հարցեր:

Հանդիպմանը ներկա դեսպանները և գործերի ժամանակավոր հավատարմատարները ներկայացրել են իրենց առաջարկները՝ ԿԳՄՍ ոլորտներում համագործակցության ընդլայնման և նոր ծրագրեր նախանշելու ուղղությամբ: