ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ կատարած աշխատանքային այցի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալ Ավազժոն Կարիմովի հետ:
Պայմանավորվածության համաձայն` կանցկացվեն համատեղ հավաքներ, սեմինարներ` խթանելով միջոլորտային փորձի փոխանակումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջալուդ Մոհամեդիի և Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միլան Միլոշևիչի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հայաստանում միջազգային խոշոր մրցաշարի անցկացման հնարավորությունները: «Քննարկել ենք ծանրամարտին վերաբերող ընդհանուր հարցեր, ինչպես նաև Հայաստանում խոշոր մրցում անցկացնելու հնարավորությունները: Առայժմ ամեն ինչ քննարկման փուլում է: Շուտով ընտրություններ կկայանան թե՛ Միջազգային, թե՛ Եվրոպական ֆեդերացիայում: Դրանից հետո պարզ կլինի՝ մենք ինչի կարող ենք հավակնել: Ամեն դեպքում նպատակը 2023 կամ 2024 թվականին Հայաստանում խոշոր մրցում անցկացնելն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալն Ուզբեկստանի մայրաքաղաքում հետևում է ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալների համար պայքարում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: