Նոյեմբերի 30-ին հանդիսավորությամբ վերաբացվել է Արմավիրի քաղաքային մարզադաշտը՝ երկարամյա դադարից հետո կրկին շահագործման հանձնվելով:

Բացման պաշտոնական արարողությունը կատարել են Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Արարողությանը ներկա էին և մարզադաշտի ենթակառուցվածքներին ծանոթացել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Արմավիրի քաղաքային մարզադաշտում իրենց հանդիպումները հիմնականում անց են կացնելու Հայաստանի երիտասարդական և պատանեկան թիմերը: Հնարավոր է՝ մարզադաշտում իրենց հանդիպումներն անցկացնեն նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի մի քանի թիմեր:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է հիմնական ֆինանսական միջոցները տրամադրել: Վերանախագծումը և շինարարական աշխատանքները կազմել են 688 միլիոն դրամ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, կարևորելով ավանդույթներ ունեցող մարզադաշտի վերաբացումը, ընդգծել է ներկայիս բարեկարգ վիճակը. «Ավանդույթներով ստադիոն էր ու, ցավոք, հիմնահատակ ավերվել էր: Բացման արարողության ժամանակ տեսանք նկարները, պարզապես խղճուկ վիճակ էր: Հիմա շատ բարեկարգ տեսք է ստացել, թեև իհարկե դեռ ավարտական տեսքի կբերվի, դեռ շինարարության անավարտ տարրեր կան, որպես ակադեմիա էլ՝ պետք է կացարաններ կառուցվեն:

ՀՖՖ նախագահի պնդմամբ՝ 2022 թվականի մարտին մինչև 23 տարեկանների Հայաստան-Ուկրաինա հանդիպումն այստեղ է կայանալու: Բավականին լավ վիճակի ստադիոն ունեցանք, որը կօգնի լիցքաթափել Երևանի ստադիոնները, որևէ թիմ հավանաբար այն կվերցնի որպես իր տնային ստադիոն, ու արմավիրցիները հնարավորություն կունենան հետևելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներին, ինչու չէ, հետագայում նաև միջազգային խաղերի՝ ինչպես հավաքականների մակարդակով, այնպես էլ ակումբների՝ եվրագավաթների շրջանակում»:

Հավելենք, որ Արմավիրի քաղաքային մարզադաշտը տեղավորում է 3 100 հանդիսական: Կից գործում են արհեստական խոտածածկով 4 փոքր դաշտեր: