Երևանի «Գյոթե» կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվող «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի» (EU4Culture) ծրագրի շրջանակում համայնքային մշակութային ռազմավարության մշակման համար Հայաստանից ընտրված 3 քաղաքների պաշտոնական ազդարարման և մրցանակների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը:
EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, աջակցում է մշակույթի ոլորտին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին և կգործի մինչև 2024 թվականի դեկտեմբերը: Ընտրված երեք քաղաքները՝ Սևանը, Չարենցավանը և Իջևանը, կստանան 30.000 եվրո դրամաշնորհ՝ մշակույթի զարգացման ռազմավարություն մշակելու համար, այնուհետև կընտրվի լավագույն ՏԻՄ մշակութային ռազմավարությունը՝ 300.000 եվրո գումարով տվյալ համայնքում այն իրականացնելու համար:
EU4Culture-ի նպատակն է նպաստել մշակույթի դերի՝ որպես տարածաշրջանում աճի և սոցիալական զարգացման շարժիչ ուժի բարձրացմանը, օգնել մարզային քաղաքներին՝ մշակույթի միջոցով խթանելու տնտեսությունը, հզորացնել մշակութային և ստեղծագործական կապերը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով Հայաստանում Eu4Culture ծրագրի իրականացումը տարածքային համաչափ զարգացման շրջանակում մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացման, մշակութային արտադրանքը համայնքների բնակիչներին մատուցելու և նրանց՝ մշակութային արտադրանքի ստեղծման մեջ ներգրավման տեսանկյունից՝ այդ առումով ընդգծելով ՏԻՄ դերակատարությունը. «Ես ուզում եմ կարևորել «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի» ծրագիրը. այն առանձնանում է նրանով, որ շեշտադրում է ՏԻՄ-երի հատուկ դերակատարությունը՝ իրենց համայնքներում և հարակից բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացման առումով»:
Փոխնախարարը որպես առանձնահատկություն է ընդգծել ծրագրի մրցակցային բնույթը. «Վստահ եմ, որ առողջ մրցակցության պայմաններում մենք, բացի երեք քաղաքներում մշակութային ռազմավարություն ունենալուց, կապահովենք ՏԻՄ մշակութային ռազմավարության օրինակ, որը կարող է նախատիպային լինել ՀՀ այլ համայնքների համար: Մշակույթի զարգացման ռազմավարության առկայությունը կնպաստի տվյալ համայնքի ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայրի, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակույթի և կրթության կապի խթանմանը, մշակույթի մոնետիզացիային, որը, ի թիվս այլ հարցերի, կբարձրացնի տվյալ համայնքների զբոսաշրջային գրավչությունը»:
Փոխնախարարի խոսքով՝ Արևելյան գործընկերության առնվազն 5 երկրներում ծրագրի ընդգրկվածությունը ճանաչողական այցերի, փորձի փոխանակման, միջազգային համագործակցության և մշակութային երկխոսության աշխուժացման հնարավորություն կտա:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ծրագրին աջակցելու համար, շնորհավորել է ընտրված համայնքներին և ԿԳՄՍ-ի անունից վերահաստատել է ՏԻՄ-ների կողմից իրականացվող մշակութային ռազմավարության մշակմանը և իրականացմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է մասնակիցներին և ընդգծել, որ հենց մշակույթն է տնտեսության զարգացման շարժիչ ուժը, և պետք է համադրել մշակույթը ստեղծարար արդյունաբերության հետ: Ա. Վիկտորինը հաջողություն է մաղթել ընտրված քաղաքներին. «Դո՛ւք պետք է որոշեք, թե ինչ տեսլականով եք ուզում զարգացնել ձեր մշակույթը: Այս ծրագիրը կխթանի ամբողջ երկրի մշակութային ռազմավարության զարգացումը»:
«ԵՄ-ն՝ հանուն մշակույթի» ծրագրի ընդհանուր համակարգող Անատոլի Բայֆերթը, ծրագրային կոնսորցիումում Հայաստանի մասով աշխատանքները համակարգող, Երևանում ‹‹Գյոթե›› կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին, Հայաստանում ծրագրի ազգային համակարգող Մարինե Կարոյանը ևս իրենց խոսքում կարևորել են ծրագիրը՝ ներկայացնելով դրա ընդհանուր նկարագիրը, ընտրության գործընթացն ու հետագա քայլերը:
Ընտրված քաղաքների ներկայացուցիչները նշել են իրենց ոգևորվածության մասին և վստահեցրել, որ համագործակցաբար, մշակութային ծրագրերի միջոցով զգալի արդյունքի կհասնեն տնտեսական զարգացման խթանման գործում: