ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԲՏՃՄ առարկայական չափորոշիչների/ծրագրերի փորձարկմանն ընդառաջ հայտարարում է ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) փորձագետների մրցույթ՝ վերոնշյալ առարկաների դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման նպատակով:

Ծրագրով նախատեսվում է մշակել դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:

Բնագիտական առարկաների, ինֆորմատիկայի, աշխարհագրության և մաթեմատիկայի փորձագետները կմասնակցեն դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը, մասնավորապես, կօժանդակեն նյութերի թղթապանակի, տիպային նմուշների, ուսուցիչների ձեռնարկների մշակմանը։

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ առարկայական ոլորտների ուղղությամբ փորձագետներ՝

Բնագիտություն

Ֆիզիկա

Ես և շրջակա աշխարհ

Մաթեմատիկա

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն

Աշխարհագրություն

Քիմիա

Կենսաբանություն

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական(CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 1 էջ) curriculum@edu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հունիսի 14-ը:

Թեկնածուները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել հարցազրույցի։