Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ինքնաթիռի տոմսի ծախսի փոխհատուցում տրամադրում է 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներին կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև 5-հոգանոց խմբի անդամներին հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար՝

1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթաժողովներ, նիստեր.
2. Միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ.
3. Միջազգային գիտատեխնիկական մրցույթներ.
4. Միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ.
5. Միջազգային ինտելեկտուալ մրցույթներ.
6. Միջազգային ստարտափ ծրագրեր:

Ինքնաթիռի տոմսի ծախսի փոխհատուցում տանալու համար միջոցառման մասնակիցները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն դիմում պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 614-Ա/2 հրամանով հաստատված կարգին և դիմումի ձևին համապատասխան:

Աջակցություն երիտասարդ ընտանիքներին

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը նպատակաուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրմանը:

Ծրագրի նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային (բնակելի տան) խնդիրների հաղթահարման ուղղությամբ պետական աջակցության արդյունավետ համակարգի ներդրումն է:

Սույն Ծրագրի շրջանակներում երիտասարդներին/երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման վարկը տրվում է ցածր տոկոսադրույքով և, բացի ցածր տոկոսադրույքից, Ծրագրի շահառուները կարող են նաև ստանալ պետության կողմից սուբսիդավորում բնակարանը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում։

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրավակարգավորումները տրվում են ՀՀ կառավարության 29.01.2010թ. ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ։

Ծրագրի շահառու կարող են դառնալ՝

  • երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, ընդ որում, ամուսիններից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի,
  • երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ)։