Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային երիտասարդական ծրագրերի մրցութաշրջանը:

Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությունները և նրանց մասնակցությունը ոլորտի քաղաքականության իրականացման բոլոր փուլերում, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային երիտասարդական միջավայր: Մրցույթն անցկացվում է 13 ուղղությամբ/չափաբաժնով՝

  1. Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված տեղական մակարդակում որոշումների կայացմանը,
  2. Սոցիալական նորարարության մոդելների ներդրում՝ միտված երիտասարդներին մատուցվող ծառայությունների որակի և/կամ ներառման և ազդեցության բարձրացմանը,
  3. Աջակցություն մարտական գործողություների ժամանակ հաշմանդամություն ձեռքբերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին ուղղված մասնագիտական կողմնորոշմանը (լրացուցիչ և շարունակական կրթությանը), առողջության վերականգնմանն ու պահպանմանը (սոցիալականացմանը), հանրային կյանքին ինտեգրմանը,
  4. Հայրենաճանաչ, իրավագիտակից, պետականակիր, ներգրավված, պահանջատեր և պատասխանատու երիտասարդների կերպարի հանրահռչակում,
  5. Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը,
  6. Աջակցություն երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը,
  7. Նորարարության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երիտասարդների ակտիվ ներգրավման խթանում,
  8. Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մշակույթի տարածում և հոգեկան առողջության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  9. Երիտասարդության շրջանում երիտասարդական աշխատանքի և կամավորության համակարգային զարգացման խթանում և երիտասարդական նախաձեռնություններին աջակցություն,
  10. Երկխոսության և գործընկերության խթանում ՀՀ, Արցախի և Սփյուռքի երիտասարդների և երիտասարդական կառույցների միջև,
  11. Երիտասարդության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում,
  12. Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը,
  13. Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են համապատասխան հրավերներով: