32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած մարզիկներին և մարզիչներին այսօր հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել օլիմպիականներին Հայաստանի Հանրապետությունը պատվով ներկայացնելու համար և նշել. «Իհարկե, այն իրավիճակը, մթնոլորտը, որ առկա է երկրում, իր ազդեցությունն ունենում է մեր մարզիկների, ընդհանրապես սպորտի վրա, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում մենք կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ: Որոշ դեպքերում մենք շատ մոտ էինք օլիմպիական ոսկի նվաճելուն, բայց կարծում եմ, որ մեր մարզիկները և մեր հավաքականը պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Առավել հաջող մրցելույթներ ունենալու համար պիտի անենք հետևյալը՝ շատ արագ ամփոփենք արդեն իսկ տեղի ունեցածի արդյունքները և միանգամից պատրաստվենք հաջորդին: Կարծում եմ՝ արժե, որ ԿԳՄՍ նախարարությունն Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ այսօրվանից ճանապարհային քարտեզ ձևավորի հաջորդ Օլիմպիական խաղերին ընդառաջ մեր անելիքները որոշելու և դրանք իրագործելու համար»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ պետության և կառավարության ուշադրությունը սպորտի և մարզիկների խնդիրների նկատմամբ գնալով աճում է, և նախարարությունը մարզիկների պատրաստվածությունը լավագույնս ապահովելու համար կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ հավաքականի ելույթները, նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սրանք 7-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին, որոնց մասնակցում էր մեր հավաքականը, իսկ մեդալների որակական առումով 3-րդ արդյունքն է: Նա անդրադարձել է արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ մրցավարական, որոնք պետք է քննարկել և հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչպես հակազդել դրանց:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես կարևորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի և ֆեդերացիաների միջև աշխատանքի բաժանում կատարելու և համատեղ ջանքերով առաջ գնալու առումով:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է հետևություններ անել և այսօրվանից կենտրոնանալ հետագա անելիքների վրա. «Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չկանգնենք»:

Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են Օլիմպիական խաղերում արձանագրած արդյունքներին, շնորհակալություն հայտնել կառավարությանը և վարչապետին աջակցության համար և նշել, որ արվել է առավելագույնը՝ Հայաստանի Հանրապետությունն Օլիմպիական խաղերին պատշաճ ներկայացնելու համար:

Վարչապետ Ն.Փաշինյանի նշած համատեքստում քննարկվել են առաջիկա անելիքները: Ներկայացվել է տեղեկատվություն այս պահի դրությամբ հայտնի մարզիկների անվան մարզադպրոցների կառուցման ընթացքի, մարմնամարզության, հրաձգության, ոլորտների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի, մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ վարչապետ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա ընթացքի մեջ է նաև Զինված ուժերում սպորտային վաշտի վերաբացման հարցը:

Վարչապետի հանձնարարությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ԿԳՄՍՆ-ի, ՀԱՕԿ-ի և ազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել և քննարկել անելիքները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ կտրվածքով: