Հ Ր Ա Վ Ե Ր

Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի` «1146.Հանրակրթության» ծրագրի «12008.Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթի

Ընդհանուր դրույթներ

  1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի` «1146.Հանրակրթության» ծրագրի «12008.Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում դրամաշնորհի հատկացման մրցույթի հրավերը (այսուհետ՝ Հրավեր) տրամադրվում է ի լրումն մրցույթի մասին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում հրապարակված հայտարարության:
  2. Սույն մրցույթի արդյունքում դրամաշնորհ ստացող կառույցը որոշվում է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N1937-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերի և պայմանների հիման վրա:

Մրցույթի նպատակը և մասնակիցներ

  1. Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ (համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի N 20-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի»), որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը:
  2. Մրցույթի անցկացման արդյունքում նախատեսվում է, որ ընտրված համայնքում (բնակավայրում) գտնվող որևէ կառույցում (բնակելի, կրթամշակութային, սպորտային, համայնքային) դրամաշնորհի միջոցներով կստեղծվեն նախադպրոցական կրթական ծառայություններ իրականացնելու համար համապատասխան պայմաններ:
  3. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը) որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում:
  4. Դրամաշնորհի առավելագույն մեծությունը՝ յոթ միլիոն ութ հարյուր քսանչորս հազար ՀՀ դրամ:
  5. Միջոցառումների իրականացման ժամանակահատվածը` 2021 թ. հունիս-դեկտեմբեր:

Հայտեր լրացնելը և ներկայացնելը

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է.

  1. դիմում համայնքի ղեկավարի կողմից,
  2. հրավերի հայտ (Հավելված 1-ով սահմանված ձևով),
  3. հայտատու կառույցի ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,
  4. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի N 20-Ն հրամանով սահմանված մոդելներից որևէ մեկի ընտրության և ներդրման ծրագիրը (Հավելված 1.2-ով սահմանված ձևաչափով),
  5. տեղեկատվություն համայնքում (բնակավայրում) նախադպրոցահասակ երեխաների թվի վերաբերյալ,
  6. տեղեկատվություն նախադպրոցական կրթական ծառայության մատուցման համար նախատեսվող շինության շենքային վիճակի մասին,
  7. տեղեկատվություն համայնքի (բնակավայրի) բնակչության թվի, ազգային պատկանելության, աղքատության և գործազրկության մակարդակի մասին,
  8. համայնքի ավագանու որոշումը՝ մրցույթին Հրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ,

9. Հրավերի 8-րդ կետով նախատեսված պարտադիր փաստաթղթերից բացի՝ հայտատուն իր հայեցողությամբ կարող է ներկայացնել Ծրագրին առնչվող այլ փաստաթղթեր, նյութեր:

10. Հայտը ներկայացվում է հայերեն` սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և թվով յոթ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:

11. Հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) ներկայացվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հետևյալ հասցեով. Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 5-րդ հարկ, 501 սենյակ, հանրակրթության վարչության՝ մինչև 2021 թվականի հուլիսի 8-ը:

12. Մրցույթը կանցկացվի համաձայն Հավելված 2-ով սահմանված Կանոնակարգի: