Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ազգային պարի սիրելի՛ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:

Այսօր հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր գործիչներին, պարողներին, բալետմայստերներին և պարուսույցներին:

Պարը ուրախություն ու բերկրանք պարգևող մարդկային ամենաանկեղծ լեզուն է, որն ի զորու է փոխանցել երջանկության ու տրտմության, մարդու զգացական աշխարհի ամենանուրբ ելևէջները՝ յուրօրինակ կամուրջ դառնալով աշխարհի տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց միջև:

Պարը գեղեցկություն է, որը բնորոշում է ոչ միայն մարդուն, այլև ամբողջ ժողովրդին՝ խորհրդանշելով նրա անցած ուղին: Այն ուժ է, որը միավորում է ամենանվիրական ու սխրագործ պահերին:

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, դուք ձեր նվիրումով, անձնվեր աշխատանքով մշտապես կանգնած եք հայ պարարվեստը զարգացնելու ճանապարհին՝ արդարացնելով հանդիսատեսի սպասումները:

Մաղթում եմ ձեզ ստեղծագործական ներշնչանքի բազում բերկրալի պահեր և լեփ-լեցուն դահլիճներ: