Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է վերջերս Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում և Բուդապեշտում կայացած ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում մեդալներ նվաճած մարզիկներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ն. Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նրանց հրավիրել է ոչ այնքան շնորհավորելու, որքան շնորհակալություն հայտնելու համար. «Հատկապես այս ժամանակաշրջանում այն հաղթանակները, հաղթանակի այն զգացողությունը, որ դուք պատճառեցիք մեզ բոլորիս, Հայաստանի ժողովրդին, կրկնակի ավելի կարևոր և կրկնակի մեծ արժեք ունեն, որովհետև հետպատերազմական այս շրջանում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ շատ կարևոր է, և ձեր հաղթանակներով, կարծում եմ, շատ էական դերակատարում ունեք»:

Շեշտելով, որ թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը բարձր են գնահատում հայ մարզիկների հաջողությունները միջազգային մրցաշարերում, վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է առկա խնդիրներով՝ դրանց արագ լուծում տալու և Օլիմպիական խաղերին հավուր պատշաճի պատրաստվելու համար: Շոշափվել են, մասնավորապես, մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, անհրաժեշտ մարզագույքի, մարզավիճակի պահպանման համար պահանջվող դեղորայքի ձեռքբերմանը, այդ նպատակով գնումների գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով արագ կազմակերպելուն, ինչպես նաև Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների համար սահմանված նպաստների չափաքանակի ավելացմանը, սպորտային ավանի կառուցմանը վերաբերող և այլ հարցեր:

«Գիտեմ՝ շատ դեպքերում, ցավոք, ամենալավը չեն այն պայմանները, որոնցում դուք մարզվում եք, բայց նաև ուզում եմ ասել, որ մենք մարզական ենթակառուցվածքների մասով շատ լուրջ աշխատանք ենք իրականացնում: Հիմա առնվազն 2 նախագիծ ունենք, երբ մեր նշանավոր և հաջողությունների հասած մարզիկների անուններով արդեն մարզադպրոցներ ենք ստեղծում՝ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, իսկ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի նախագիծն արդեն պատրաստ է: Հույս ունեմ, որ բոլորիդ անուններով դպրոցներ կառուցելու առիթ կունենանք, օլիմպիական մեդալներ նույնպես կնվաճեք և մեր ռազմավարական խնդիրները կլուծենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների ներկայացուցիչները կարևորել են նմանօրինակ ձևաչափով հանդիպումները՝ ձեռքբերումները գնահատելու, առկա խնդիրները վերհանելու և արդյունավետ լուծումները համատեղ քննարկելու տեսանկյունից:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ քննարկման արդյունքներով մշակել և հաստատման ներկայացնել որոշումների նախագծեր: