ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Վահրամ Դումանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է իր պաշտոնավարման ավելի քան 4 ամսվա գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել առաջիկա անելիքներին:

ԶԼՄ-ների հետ հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արա Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ինչպես նաև գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:

Ասուլիսի սկզբում Վահրամ Դումանյանը ներկայացրել է նախարարության գործունեության առանցքային ուղղությունները: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության ենթակա ոլորտներն առնչվում են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերին։

«Գրեթե չկա մի ընտանիք, որի անդամներից գոնե մեկը չառնչվի հանրակրթության կամ բարձրագույն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի կամ երիտասարդության բնագավառներին։ Ըստ այդմ՝ բավականին ժամանակատար կլինի մեկ ասուլիսի ընթացքում ներկայացնել իմ հարյուրօրյա պաշտոնավարման արդյունքները, ինչպես նաև ուրվագծել առաջիկա գործունեության ուղղություններ»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով ռազմավարական նշանակություն ունեցող արդյունքներին և առաջիկա առանցքային ծրագրերին։

Ըստ Վահրամ Դումանյանի՝ ներկայում վերանայման փուլում է «Կրթության զարգացման 2021-2025 թվականների ռազմավարությունը», որի աշխատանքներն առկախվել էին պատերազմի պատճառով: Միջազգային գործընկերների, այդ թվում Ասիական զարգացման բանկի և Յունիսեֆի փորձագիտական աջակցության շնորհիվ փաստաթղթի գործունեության պլանը ներառում է ինչպես ֆինանսական գնահատական, այնպես էլ գործողությունների հստակ ժամանակացույց՝ մշտադիտարկման և գնահատման պլանով:

Այնուհետև նախարարը ըստ ոլորտների ներկայացրել է իրականացված աշխատանքները:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտ

  • Ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը:
  • Մշակվել են բարձրագույն կրթության մի շարք ոլորտների որակավորումների բնութագրերը: Կհստակեցվեն նախատեսվող 7 որակավորումների ոլորտային շրջանակները, և կկազմվեն համապատասխան աշխատանքային խմբեր՝ ուսումնառության վերջնարդյունքների հիմքով բնութագրերը մշակելու համար:
  • Մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներին, մասնակից անձանց սովորող երեխաներին և սովորող ամուսնուն՝ ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորելու պարագայում: Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել շուրջ 1400 ուսանողի, փոխհատուցվելու է ևս շուրջ 2840 շահառուի ուսման վարձ:
  • «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հետ համագործակցությամբ նախաձեռնվել և ընթացքի մեջ է բուհերում անվճար տեղերի բաշխման ուսումնասիրությունը, որի հիման վրա կվերանայվի ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցմամբ տեղերի քանակը՝ ըստ պետության կարիքի, ռազմավարական թիրախների, աշխատաշուկայի ներկայիս և ապագայի պահանջների: Ուսումնասիրության արդյունքները պետական քաղաքականության հիմքում կներդրվեն 2022-2023 ուստարվանից:
  • Անցկացվել է «Լավագույն ուսանող» մրցույթը, որի շրջանակում 2020 թ․-ի արդյունքներով հաղթող ճանաչված 38 ուսանող պարգևատրվել է հավաստագրերով, ԿԳՄՍ դրամաշնորհներով հրատարակված գրքերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով:

Գիտության ոլորտ

  • Մշակման փուլում է «Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման 2021-2025 թթ. ռազմավարությունը», որն ակներևաբար ներառելու է պատերազմի իրողությամբ պայմանավորված վերանայումներ:
  • Մշակվում է «Գիտության ոլորտում բարեփոխումների և պետական ներդրումների ճանապարհային քարտեզը», որի շրջանակում նախատեսվում է, հստակեցնելով ֆինանսական կարիքները, մշակել ոլորտի զարգացման գործողությունների պլանը:
  • Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման նպատակով հայտարարվել է 4 մրցույթ, որոնց մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 760 հայտ. դրանք գտնվում են փորձաքննության փուլում:
  • Ամփոփվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հայտարարած գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության մրցույթը, որի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 38 գիտական ծրագիր։
  • Ամփոփվել է «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթը:
  • Առաջիկայում կհայտարարվի Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության հետ կնքված համաձայնագրի շրջանակում կազմակերպվող գիտական ու գիտատեխնիկական համատեղ նախագծերի աջակցության երրորդ մրցույթը:
  • Ընթացքի մեջ է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2021-2025 թվականների ռազմավարական ծրագրի մշակումը: «Horizon Europe» հետազոտության և նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի ասոցացման ուղղությամբ ընթանում են տեխնիկական բանակցություններ:
  • 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի մարտ ժամանակահատվածում բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել և մուտքագրվել է գիտական աստիճանի 44 որակավորման գործ: Հանձնվել է 52 գիտական աստիճանի վկայագիր, որից` 7 դոկտորի և 45 թեկնածուի: Մերժվել է 1 գիտական աստիճանի և քննարկման է ուղարկվել 4 որակավորման գործ: Հանձնվել է գիտական կոչման 19 դիպլոմ, որից` 2 պրոֆեսորի, 17 դոցենտի:

Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտ

  • Հաստատվել է «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգը:
  • Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կազմվել է ՄԿՈՒ ոլորտի օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որը քննարկվել է կազմակերպված համաժողովի ընթացքում։ Քննարկման արդյունքներով պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
  • Միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում հուշագրեր են ստորագրվել Շիրակի մարզի միջին մասնագիտական և արհեստագործական 4 հաստատության և բիզնես ընկերությունների միջև:
  • Իրականացվել է «Հեռավար ուսուցման մեթոդաբանություն և կիրառվող գործիքակազմ» կարճաժամկետ ուսուցման ծրագիր՝ տնօրենների, դասախոսական և վարչական անձնակազմի համար, ինչպես նաև շարունակվել է դուալ ուսուցման փորձնական ծրագիր իրականացնող հաստատությունների ուսումնաարտադրական բազայի համալրումը:

Նախադպրոցական կրթության ոլորտ

  • Հաստատվել են նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը՝ նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերում այլընտրանքային մոդելներով համապատասխան ծառայությունները ապահովելու համար։
  • Մշակվել են նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը, ինչպես նաև օրինակելի կանոնադրությունը:
  • Մշակվել է «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
  • Մշակվել և ներկայում շրջանառվում են «Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները և գործակիցները հաստատելու մասին» և «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։

Հանրակրթության ոլորտ

  • Փոփոխության են ենթարկվել և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության կարգը և օրինակելի կանոնադրությունը։
  • Փոփոխության է ենթարկվել ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը, որի համաձայն՝ նախատեսվում է 3000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ուսումնական հաստատությունների համար ձևավորել միացյալ խորհուրդ՝ դրանով իսկ հնարավոր դարձնելով խուսափել փոքր համայնքներում խորհուրդների ձևավորման ընթացքում շահերի բախման ռիսկերից: Միաժամանակ ներդրվել են ռոտացիոն կարգեր մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչ-անդամների համար՝ այդ կերպ նպաստելով առավել մասնակցային խորհուրդների ձևավորմանը:
  • Հաստատվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը:
  • Փոփոխությունների է ենթարկվել «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվել է ըստ հաստատության տիպի՝ իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների սահմանվող հաշվարկով։
  • Մեկնարկել է Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող 0,75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հեռավար կրթության հարթակի մշակման տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որը նախաձեռնվել է ԿԳՄՍ-ի հետ խորհրդակցաբար՝ Հայաստանում հեռավար կրթության զարգացման նպատակով:
  • Հաստատվել է «Կրթության միջազգային գործընկերության» միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներկայացրած ծրագրային հայտը՝ 522695 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցության ծավալով: Դրամաշնորհային միջոցների հաշվին տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ 2021 թվականի ընթացքում իրականացվելու են հանրակրթության ոլորտի տարբեր բաղադրիչների ծավալուն ուսումնասիրություններ՝ նախանշելու հետագա բարեփոխումների ուղղությունները:
  • 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգը, որով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են առավել բարենպաստ պայմաններ։ Ստեղծվել է kadrer.emis.am կայքը, որով նախարարությունը կվարի մասնագետների էլեկտրոնային շտեմարան՝ թվայնացնելով գործուղման գործընթացը։
  • 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, որով բարելավվել են ծառայություններից օգտվելու պայմանները։
  • 2020 թվականին մեկնարկած 16 համայնքներում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցման գործընթացը կավարտվի 2021 թվականին։ Ուսումնասիրվել և կազմվել է ևս 30 համայնքների ցանկ, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցների կառուցում հաջորդ փուլում։ Աշխատանքներն ընթանում են 16 համայնքներում։ Նախատեսվում է փոքրաքանակ աշակերտական համակազմով համալրված համայնքներում մոդուլային դպրոցների թիվը 2024 թ.-ին հասցնել 63-ի:
  • «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են 13 ավագ դպրոցներ, որոնցից 5-ի աշխատանքներն ավարտվել են. ևս 8-ինը կավարտվի այս տարի:
  • 2021 թ.-ին Արարատի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, իսկ սեպտեմբերից նաև Գեղարքունիքի և Լոռու մարզերի տարրական դասարանների երեխաները կօգտվեն «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից:
  • ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հանրակրթական պետական չափորոշիչը: Մինչև ապրիլ ամսվա վերջ կհաստատվեն առարկայական ծրագրերը և չափորոշիչները:
  • Հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի հավելավճարի տրամադրման միջոցով ուսուցիչների վարձատրությունը մոտեցնել երկրի միջին աշխատավարձին:
  • Վերանայվել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման չափորոշիչը և ծրագիրը, մշակվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը և ներկայացվել ՀՀ կառավարություն:
  • Հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը, որը հնարավորություն կընձեռի ուսուցիչների մասնագիտական զարգացման և կատարելագործման, ինչպես նաև ատեստավորման արդյունքում դիմել որակավորման տարակարգի համար։
  • Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը հնարավորություն կընձեռի միջգերատեսչական համագործակցությամբ իրականացնել նշված երեխաների հայտնաբերումն ու արդյունավետ ընդգրկումը դասապրոցեսի մեջ։
  • Հաստատվել են պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգերը: Ամբողջությամբ վերանայվել և հաստատվել է ուսուցչի մրցույթի հարցաշարը՝ ընդգրկելով 70% մանկավարժության, հոգեբանության բնագավառի հարցերը և 30%` ուսուցչի գործառույթներին առնչվող օրենսդրության։
  • Ձևավորվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը»՝ ԿԶՆԱԿ-ը, որն իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:
  • Հունվարի 15-ից մինչև մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննություններ: Հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 500 հավակնորդ: Քննությունների արդյունքում հավաստագիր է ստացել 370 (74%) հավակնորդ, որոնցից 229-ը՝ գործող տնօրեն, 5-ը՝ տնօրենի պաշտոնակատար, 136-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ:

Լիցենզավորման ոլորտ

  • Իրականացվել է նախադպրոցական և հանրակրթական ծրագրերով լիցենզավորման գործընթաց, որի արդյունքում լիցենզավորվել են 19 ուսումնական հաստատություններ:
  • Նախնական, միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր իրականացնող 32 ուսումնական հաստատությունների մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն է տրվել:
  • Կասեցվել են նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման 2 լիցենզիաների գործողությունները:
  • ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախադպրոցական կրթական ծառայությունները (մանկական ժամանցի կենտրոնները) այսուհետ կլիցենզավորվեն ԿԳՄՍ նախարարության կողմից: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը։

Զարգացման ծրագրեր

  • Կազմվել է ՀՀ կառավարության ծրագրի, ինչպես նաև 2019-2023 թվականների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների 2020 թվականի կատարողականը, և լրամշակվել են 2021-2023 թթ. միջոցառումները:
  • Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների ռազմավարությունների ու զարգացման քաղաքականության մշակման և լրամշակման նպատակով ուսումնասիրվել են նոր մոդելներ՝ հաշվի առնելով նաև համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված իրողությունները:

Միջազգային համագործակցության ոլորտ

  • Ստորագրվել են համագործակցության 2 փոխըմբռնման հուշագրեր՝ ԿԳՄՍՆ և Բրիտանական խորհրդի միջև:
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բուհերում 2021-2022 ուսումնական տարում սովորելու համար իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ՀՀ 16 քաղաքացիներ գործուղվելու են Չինաստանի առաջատար բուհեր՝ համապատասխան մասնագիտություններով ուսանելու համար:
  • Առաջիկայում նախատեսվում է ստեղծել օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունելության, գրանցման և հետագա շարժի կառավարման էլեկտրոնային հարթակ, որը ոչ միայն կօպտիմիզացնի վարչարարությունը, այլև կնպաստի գործընթացի պարզեցմանը, հասանելիությանը և արդյունքում՝ ՀՀ կրթության միջազգայնացմանը:
  • 2020 թվականին հաստատվել է ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության Խորհրդի նիստերի նախագահությունը, որը 2021 թվականին իրականացնելու է ԿԳՄՍ նախարարությունը:
  • Կազմակերպվել է «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական երիտասարդական համաժողովը:
  • 2021 թ. շարունակվելու է սփյուռքի հայկական կրթօջախների համար դասագրքերի ձեռքբերման և տրամադրման գործընթացը: Նախնական պատվերների ձևավորումն առաջին անգամ փորձնական կերպով իրականացվելու է նորաստեղծ կայքի միջոցով:
  • 2021 թ. նախատեսվում է ընդարձակել հայոց լեզու դասավանդող համալսարանների ցանկը՝ ավելացնելով ևս 2 համալսարան 2 տարբեր երկրներում:
  • Նախատեսվում է ստեղծել սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային հարթակ։

Մշակույթի ոլորտ

  • Մշակման փուլում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանման, պաշտպանման, զարգացման և փոխանցման 2021-2025 թթ. ռազմավարությունը»:
  • Իրականացվել է «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրը:
  • Առկա ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման նպատակով իրականացվել է ժամանակակից արվեստի ոլորտի ՊՈԱԿ-ների կանոնադրությունների և հաստիքացուցակների վերանայման գործընթացը:
  • 2020 թ. դեկտեմբերին իրականացվել և ամփոփվել են մի շարք ստեղծագործական ծրագրեր և նախագծեր` ուղղված դեբյուտային, արվեստի փորձարարական և նորարարական ձևերի խրախուսմանը։ Դրանցից են՝ «ԶԱՐԿ Ֆեստ» (Յարխուշտա) առցանց նախագիծը, «Արվեստանոց» ծրագիրը, «Առածանի» արտ-նախագծը, «Digital Armsymphony» նախագիծը:
  • Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք է բերվել 10 անուն շուրջ 7 տասնյակ երաժշտական գործիք:
  • Գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համար պետական պատվերով հրատարակվել է 10 ուսումնական ձեռնարկ:
  • Ստեղծվել է «Շնորհալի-2020» մանկապատանեկան տեղեկատվական շտեմարանը, և երաժշտական, արվեստի, գեղարվեստի ու պարարվեստի դպրոցների վերաբերյալ հրատարակվել է «Տեղեկագիր»:
  • Ստեղծվել են «Ընտրանի», «Օկտավա+», «Հայ երգը դարերից», «Թատրոնը էկրանից» խորագրերով մշակութային հաղորդաշարերը:
  • 2021 թ. փետրվարին Երևանում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան:
  • 2021 թ. կայացել է «Ռուբեն Հախվերդյան և ընկերներ» հոբելյանական համերգը՝ նվիրված մաեստրոյի ծննդյան 70-ամյակին:
  • Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյանական տարեդարձերը նշելու համար ստեղծվելու են կառավարական հանձնաժողովներ:
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 18-ին հանդես է եկել մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգով:
  • 2021 թվականին շարունակվելու է «Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագիրը»:
  • 2021 թվականի մարտի 5-ից մեկնարկել է նախարարության մշակութային դրամաշնորհային ծրագիրը:
  • 2021 թվականին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը։ Հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում: Ստեղծվել է միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողով:
  • Մշակվել և համակարգվում է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանն ուղղված ծրագիր: Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ այն չի հրապարակվում:
  • Նախատեսվում է ստեղծել «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, որոնց ստեղծման գործընթացը դադարեցվել էր պատերազմի պատճառով, իսկ հոկտեմբերին նախատեսվում է ստեղծել «Աղձք Արշակունիների դամբարան» պատմամշակութային արգելոցը:
  • Մշակվել է «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային առարկաների մեկ միասնական հավաքածուի մասին» օրենքի նախագիծը և ներկայացվել շահագրգիռ կազմակերպությունների կարծիքին:
  • 2021 թվականին «Թարգմանական ծրագրեր և ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն» ծրագրով դրամաշնորհ կստանա 19 թարգմանիչ, ստեղծագործող ու հետազոտող:
  • 2021 թվականին «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով արտերկրում կհրատարակվի 11 գիրք 8 լեզվով՝ սերբերեն, հունարեն, իսպաներեն, ռումիներեն, մակեդոներեն, վրացերեն, արաբերեն, ալբաներեն:
  • 2021 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով նախարարությունը աջակցելու է ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային 6 լրատվամիջոցների, գրական՝ 11, մշակութային՝ 12 պարբերականի և կայքի նախագծերի:

Սպորտի ոլորտ

  • Մշակման փուլում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի 2021-2025 թվականների ռազմավարությունը»:
  • Նախաձեռնվել է Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալ-հոգեբանական ադապտացիայի մեթոդով սպորտում ներգրավելու նոր ծրագիր:
  • Մշակվել և շրջանառության մեջ են «ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ վիճակի արդյունավետության բարձրացումը վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով ապահովման միջոցով» ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որը թույլ կտա բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ ստանալ առանց պահումների:
  • 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է՝ նախկին շուրջ 29 միլիոն դրամի համեմատ կազմելով շուրջ 104 միլիոն դրամ:
  • 2021 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի 44 մարզիկի, 7 բժշկի/մերսողի և 32 մարզչի հատկացվել է նպաստ՝ խաղերին լավագույնս պատրաստվելու համար:

Երիտասարդական քաղաքականության ոլորտ

  • Մշակվում է «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը», որի շրջանակում ԿԳՄՍՆ-ն փորձագիտական աջակցություն է ստանում ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունից։ Նախագիծը գտնվում է լրամշակման վերջնական փուլում և առաջիկայում կդրվի հանրային քննարկման:
  • Երիտասարդության ոլորտի տեղեկատվության տարածման նպատակով վերագործարկվել է Երիտասարդական պորտալը (www.erit.am):
  • Մեկնարկել են ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի աշխատանքները:

Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության ոլորտ

  • Վերսկսվել են ԿԳՄՍ նախարարի, նրա տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելությունները, որոնք սահմանափակվել էին՝ համավարակով և պատերազմով պայմանավորված։
  • ԿԳՄՍՆ վերջին 4 ամիսներին քաղաքացիներից և ԶԼՄ-ներից ստացել է գրավոր ու բանավոր շուրջ 1000 հարցումներ, թեժ գծով՝ շուրջ 1700 ահազանգեր, որոնց տրվել են համապատասխան պարզաբանումներ։
  • Կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ 2020 թ․-ին մարզական նշանակալի արդյունքներ արձանագրած մարզիկների, նրանց մարզիչների և համապատասխան ֆեդերացիաների ներկայացուցիչների, ուսումնառության ընթացքում 2020 թ․-ին լավագույնը ճանաչված ուսանողների հետ։
  • Գիրք նվիրելու օրվա շրջանակում միջոցառում է կազմակերպվել Խնկո Ապոր անվան գրադարանում։