Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:

Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝

  1. Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
  2. Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
  3. Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
  4. Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,
  5. Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի),
  6. Մշակութային հեռուստահաղորդաշարեր,
  7. Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր,
  8. Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ,
  9. Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը,
  10. Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում,
  11. Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր,
  12. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր,
  13. Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ,
  14. Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը:

Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։

Մրցութաշրջանի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղմամբ: