Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի մշակութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում հրավիրում է մասնակցելու դրամաշնորհային մրցույթի: Դրամաշնորհների տրամադրման գործընթացը միտված է արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտի ձևավորման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պետական միջոցների բաշխման թափանցիկության, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:
Մրցույթի անվանակարգերը
Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ.
- Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (ծածկագիր 001)
- Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (ծածկագիր 002)
- Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (ծածկագիր 003)
- Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (լուսանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, դիզայն) (ծածկագիր 004)
- Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր» (բացառությամբ կինոարտադրության նախագծեր) (ծածկագիր 005)
- Մշակութային հեռուստահաղորդաշարեր (ծածկագիր 006)
- Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր (մշակութային կրթություն) (ծածկագիր 007)
- Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ (ծածկագիր 008)
- Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը (ծածկագիր 009)
- Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում (ծածկագիր 010)
- Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր (ծածկագիր 011)
- Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր (ծածկագիր 012)
- Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ (ծածկագիր 013)
- Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ (ծածկագիր 014)
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլում շահույթը, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան–Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական և հեռանկարային նախագծեր:
- Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաև դեբյուտային, համաֆինանսավորվող, մշակույթի ապակենտրոնացումը և երկարատև արդյունավետությունը ապահովող ծրագրերին։
- Մրցույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն և 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 97-Ն որոշումների համապատասխան:
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
- Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1),
- Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2),
- Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
- Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
- Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի (առկայության դեպքում) մասին,
- Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:
Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի՝ ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացված առնվազն 3 գնային հարցումները՝ ընտրելով ամենացածր առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են կազմակերպության հարցման հիման վրա տրված գրավոր կնքված /ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակները (pricelist առկայության դեպքում), որոնք պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, որը անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:
Ներկայացված ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի և հյուրասիրությունների /ֆուրշետ/ ծախսեր:
Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:
Ստեղծագործական միջոցառումներն ու նախագծերը կարող են իրականացվել առցանց ձևաչափով:
Մասնակիցը չի կարող նույն անվանակարգում, տվյալ մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերի լրացված հայտերը մերժվում են:
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝
Հայտերի ներկայացման պայմանները
Հայտադիմումը ներկայացվում է փակ` սոսնձված և ստորագրված ծրարով: Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարություն թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (նյութերի ծավալը չպետք է գերազանցեն 20 MB)՝ և ընդունվում է մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:
Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորած անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ: Սույն կետում նշված ծրարի վրա հայերեն լեզվով նշվում են`
1) պետական մարմնի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) մրցույթի ծածկագիրը.
3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
4) Կազմակերպության անվանումը (մասնակցի), գտնվելու վայրը և հեռախոսահամարը».
Հայտերը ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Կառավարական 2-րդ տուն, Վ. Սարգսյան 3, Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ՝ 010 599 631), Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ՝ 010 599 629)։
Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում: Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը: Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքվում է պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր:
Պայմանագրով հաստատված ստեղծագործական ծրագրի, նախահաշվի ու իրականացման ժամկետների մասնակի փոփոխությունները կատարվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև՝ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Մրցույթը չկայացած է հայտարարվում, եթե`
ա) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.
բ) ոչ մի հայտ չի ներկայացվել.
գ) ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված դրամաշնորհների տրամադրման կարգի 34-րդ կետով նախատեսված դեպքերում պետական մարմնի ղեկավարը չի հաստատում հանձնաժողովի որոշումը:
դ) պայմանագիր չի կնքվում:
Մրցույթի իրականացման ժամանակացույցը
Մրցույթի մեկնարկ՝ 03.03.2021թ.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 02.04.2021թ.
Ծրագրի տևողությունը և բյուջեն
Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես (պետական ֆինանսավորմամբ թույլատրելի ծախսերի ցանկը կցված է)։
Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է 2021 թվականին նախատեսված մշակութային ծրագրերի իրականացման համար:
Նախապատրաստական աշխատանքների և իրականացման առավել մեծ ժամանակահատված պահանջող և/կամ երկարաժամկետ գործողություններ նախատեսող ծրագրերի հայտերն ընդունվում են համապատասխան հիմնավորումների առկայության պարագայում: