Փետրվարի 12-14-ը Աշոցքում կայացել է դահուկավազքի Հայաստանի առաջնության երկրորդ փուլը, որին մասնակցել է 33 մարզիկ-մարզուհի (22 տղա, 11 աղջիկ): Մեդալներ են խաղարկվել դասական և ազատ ոճերի տղամարդկանց 10 և կանանց 5 կմ մրցատարածություններում, ինչպես նաև արագավազքում: Ըստ մրցաձևերի մեդալակիր են դարձել հետևյալ մարզիկները.

10 կմ դասական ոճ, տղամարդիկ

  1. Պողոսյան Թադևոս (Աշոցք) - 33։21․4
  2. Ոսկանյան Սպարտակ (Աշոցք) - 36։00․1
  3. Փանոյան Հրաչյա (Վանաձոր) - 40։39․6

10 կմ ազատ ոճ, տղամարդիկ

  1. Պողոսյան Թադևոս (Աշոցք) - 35։56․6
  2. Ոսկանյան Սպարտակ (Աշոցք) - 37։24․2
  3. Փանոյան Հրաչյա (Վանաձոր) - 38։22․5

5 կմ դասական ոճ, կանայք

  1. Գալստյան Կատյա (Աշոցք) - 16։219
  2. Մխիթարյան Աննա (Գյումրի) - 21։553
  3. Ավետիսյան Վարսենիկ (Գյումրի) - 22։163

5 կմ ազատ ոճ, կանայք

  1. Գալստյան Կատյա (Աշոցք) - 16։037
  2. Մխիթարյան Աննա (Գյումրի) - 19։284
  3. Մուրադյան Անգելինա (Աշոցք) - 19։373

Արագավազք 1.4 կմ դասական ոճ, տղամարդիկ

  1. Պողոսյան Թադևոս (Աշոցք)
  2. Ոսկանյան Սպարտակ (Աշոցք)
  3. Փանոյան Հրաչյա (Վանաձոր)

Արագավազք 1.4 կմ դասական ոճ, կանայք

  1. Գալստյան Կատյա (Աշոցք)
  2. Մխիթարյան Աննա (Գյումրի)
  3. Մուրադյան Անգելինա (Աշոցք)

Առաջնության երկու փուլերի արդյունքներով (առաջին փուլի արդյունքները՝ այս հղմամբ) 4 տղա և 2 աղջիկ հնարավորություն են ստացել մասնակցելու աշխարհի առաջնությանը: Փետրվարի 23-ից մարտի 7-ը Օբերստդորֆում (Գերմանիա) կայանալիք առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը, Հրաչյա Փանոյանը, Կատյա Գալստյանը և Աննա Մխիթարյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով՝ առաջնության արդյունքները մտորելու տեղ են տալիս. «Առաջնությունը ցույց տվեց, որ կան մարզիկներ, որոնք շատ բարձր պատրաստավածություն ունեն և կան մարզիկներ, որոնք բավականին զիջում են առաջատարներին: Արդյունքների առումով՝ վերլուծելու, հետևություններ անելու տեղ ունենք, առաջիկայում ֆեդերացիայում կլինեն համապատասխան քննարկումներ: Բացի այդ, ինչպես առաջին փուլում, այս անգամ ևս կար ձյան սակավության խնդիր: Արդեն երկրորդ անգամ Հայաստանի առաջնությունից առաջ ֆեդերացիան ստիպված ուսումնամարզական հավաք է կազմակերպում Վանաձորի մասնակիցների համար, որպեսզի նրանք կարողանան պատշաճ պատրաստվել Հայաստանի առաջնությանը»:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան նախատեսում է նաև առաջիկայում դահուկավազքի կիսամարաթոն անցկացնել` Աշոցք-Արփի ուղով, որն իր տեսակով առաջինը կլինի: «Մտադիր ենք կիսամարաթոնն անցկացնել մարտի 8-ին: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ մարաթոնը կայանա, բայց, ցավոք, եղանակային պայմաններին շատ բան է կախված: Այս տարի եղանակը տաք է, և ձյունն արագ է հալչում»,- ասել է Գագիկ Սարգսյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ չնայած եղած դժվարություններին՝ Հայաստանն աստիճանաբար հավասար պայքար է մղում դահուկային թոփ-պետությունների հետ, ինչի վառ օրինակը վերջերս կայացած աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Միքայել Միքայելյանի գրանցած արդյունքն է. «Դահուկավազքի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնության ազատ ոճի 15 կմ մրցատարածությունում 30 պետությունից 71 մասնակցի հետ պայքարում Միքայել Միքայելյանը 36։1710 արդյունքով գրավել է 8-րդ հորիզոնականը: Տարիներ առաջ նման արդյունքի մասին երազել իսկ հնարավոր չէր, իսկ այսօր հավասարը հավասարի պայքարում ենք դահուկային սպորտում առաջատար պետությունների հետ, որոնք միլիոնավոր եվրոներ են ներդնում նման արդյունքների համար: Հայաստանը՝ ի դեմս Միքայել Միքայելյանի, զիջել է աշխարհի հզոր դահուկային պետություններից ընդամենը 5-ի՝ Գերմանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Շվեդիայի ներկայացուցիչներին»,- խոսքը եզրափակել է Գագիկ Սարգսյանը: